Օտարերկրյա քաղաքացին, ով նախատեսում է ընտանիքի հետ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, պետք է երեխային նախօրոք սովորեցնի ռուսաց լեզուն, որպեսզի հասկանա երկրում վարքի մշակույթը, ասել է Ռոսոբրնաձորի ղեկավար Անզոր Մուզաևը։

«Եթե կյանքդ կապում ես Ռուսաստանի հետ, ուզում ես դառնալ նրա քաղաքացին, ուզում ես, որ երեխաներդ այստեղ կրթություն ստանան, ապա առանց ռուսաց լեզվի իմացության, ինչպե՞ս կարող ես տիրապետել գիտելիքներին։ Ուստի, եթե ինչ-որ ընտանիք որոշի տեղափոխվել և ապրել այստեղ, որպեսզի իր երեխաները սովորեն մեր դպրոցներում, իհարկե, նրանք պետք է երկար աշխատեն, նախօրոք, որպեսզի երեխան իմանա ռուսաց լեզուն»,- Մուզաևի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Նրա խոսքով, միգրանտի երեխան պետք է ռուսերեն իմանա, որպեսզի հասկանա երկրի մշակութային կոդը և շփվի հասակակիցների հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները Պետդումա էին ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող միգրանտների երեխաները դպրոց ընդունվելուց առաջ կանցնեն ռուսաց լեզվի իմացության թեստ։

Անցյալ շաբաթ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է սահմանափակել միգրանտ երեխաների թիվը ռուսական դպրոցներում մինչև ընդհանուր դասարանի 10%-ը։ Միրոնովը կոչ է արել «անհետաձգելի միջոցներ դիտարկել օտարերկրյա միգրանտների երեխաների սոցիալականացման և հարմարեցման համար»։ Նրա խոսքով, Ռուսաստանում սովորում է օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 100 հազար երեխա, ինչը դպրոցականների ընդհանուր թվի 1 տոկոսից էլ քիչ է։

Սակայն, ինչպես նշում է Միրոնովը, «արտերկրից, հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներից միգրացիոն հոսքերը անհավասարաչափ են բաշխվում Ռուսաստանի ողջ տարածքում»։ Այդ պատճառով քաղաքների արվարձանների դպրոցները «միգրանտների ընտանիքների աշակերտների մեծ տոկոս ունեն»։