«Ներկայումս Սեւանա լճի ջրի մակարդակը 1899 մ է։ Մշակված հատուկ ծրագրերի արդյունքում, սակայն, նախատեսվում է մինչեւ 2031թ. ջրի մակարդակը հասցնել 1903մ՝ յուրաքանչյուր տարի ջրի մակարդակը բարձրացնելով 20-21սմ-ով»,- նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
Նշելով, որ էլեկտրաէներգիայի արտադրության եւ ոռոգման նպատակներով 1933թ.ի վեր ծախսվել է լճի ջրային պաշարների ավելի քան 40 տոկոսը, ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ լիճը տրոֆիկ (մահացման) վիճակից դուրս բերելու եւ էկոհամակարգի պահպանման համար հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում լճի մակարդակի բարձրացման ու ջրի մաքրության պահպանման, ինչպես նաեւ լճի կենսաբազմազանությունը վերականգնելու ուղղությամբ։
Սեւանա լճի մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներից կարեւորելով հատկապես 40.2 կմ երկարությամբ Արփա-Սեւան թունելի որոշ հատվածների վերականգնումը, Վ. Մովսիսյանը հայտնեց, որ ներկայումս թունելի ավելի քան 3կմ-ը վթարային վիճակում է գտնվում։ Նրա խոսքով, սակայն, արդեն հաջորդ տարի վերանորոգման աշխատանքների նպատակներով կառավարությունը պետբյուջեից 2 մլրդ դրամ կհատկացնի։
«Անցած տարվա նույն ժամանակահատվածում 38 սմ բարձրացման դիմաց՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, լճի մակարդակը բարձրացել է 45սմ-ով, իսկ մինչեւ 2010թ. հունվարի 1-ը նախատեսվում է ջրի մակարդակը բարձրացնել եւս 31 սմ-ով»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին՝ Վ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ այս տարի մաքրվել է շուրջ 449 հա հատված. քայլեր են ձեռնարկվում նաեւ կոյուղագծերի կառուցման եւ կենցաղային աղբի մաքրման աշխատանքների ուղղությամբ։
Հաջորդ կետը, որի վրա կանգ առավ հանձնաժողովի նախագահը, լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մի շարք տարածքների ջրածածկ լինելու փաստն էր։ Նշելով, որ այդ պարագայում ջրի տակ կհայտնվեն 1697 ափամերձ շինություններ, նա տեղեկացրեց, որ դրանցից միայն 481-ն են օրինական գրանցված, մնացած 1216-ը ապօրինի շինություններ են, որոնց համար պետության կողմից փոխհատուցում, անշուշտ, չի լինի։ Բացի այդ, ջրի տակ կմնան ոռոգման 4 պոմպակայաններ, 15կմ ճանապարհներ, 18կմ էլեկտրահաղորդման գծեր, 19կմ գազատար խողովակներ եւ 2789 հա անտառածածկ տարածք։



























