Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները` 85 ընտրատեղամասերից 74-ի արդյունքներն ամփոփելուց հետո:
Ալլա Ջիոեւայի օգտին քվեարկել է ընտրողների 56,74%-ը, Անատոլի Բիբիլովը հավաքել է ձայների 40%-ը: Երկու թեկնածուներին էլ դեմ է քվեարկել ընտրողների 1,1%-ը:
Նախքան ձայների հաշվման արդյունքների հրապարակումը, Հարավային Օսիայի Գերագույն դատարանի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` Գերագույն դատարանը Հանրապետական քաղաքական «Միասնություն» կուսակցությունից բողոք է ստացել նախագահի թեկնածու Ջիոեւայի կողմնակիցների գործողությունների վերաբերյալ: Նա ԿԸՀ-ին խնդրել էր զերծ մնալ նախնական արդյյունքներ հրապարակելուց, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել: Որոշումը պետք է կայացվի այսօր` օրվա ընթացքում:
Միաժամանակ, «РЕС» գործակալության տեղեկացմամբ, ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիեւան նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի բողոք չի ստացել, եւ նա Բիչենովի հայտարարության մասին տեղեկացել է հեռուստաեթերից:
«Газета.ru»-ի հաղորդմամբ`ավելի վաղ նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ընտրությունների երկրորդ փուլում խոշոր տարբերությամբ հաղթել է Անատոլի Բիբիլովին, ում անվանում են Կրեմլի թեկնածու: Նա նաեւ իր մրցակից Բիբիլովին կոչ էր արել ընդունել պարտությունը:
Հիշեցնենք, երեկ Հարավային Օսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլ էին դուրս եկել կրթության նախկին նախարար Ալլա Ջիոեւան եւ հանրապետության ԱԻՆ ղեկավար Անատոլի Բիբիլովը, որը Կրեմլի թեկնածուն է համարվում:



























