Լեհաստանի իշխանությունները սպառնացել են փակել դեպի Եվրամիություն չինական ապրանքների արտահանման առանցքային երկաթուղային ճանապարհը՝ որպես արևելյան սահմանին միգրացիոն ճգնաժամի կարգավորման ռազմավարության մաս, գրում է Bloomberg-ը։ Նախագահ Անջեյ Դուդան հունիսի վերջին Պեկին կատարած իր պետական այցն օգտագործել է միգրացիայի և բելառուսական սահմանին բեռների տարանցման խնդիրը կապելու համար: Այդ ժամանակից ի վեր բելառուսա-լեհական սահմանի ապօրինի հատումների թիվը զգալիորեն նվազել է։
Գործակալությունը պարզաբանում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է լարված իրավիճակ առաջացնել իր երկրի և Լեհաստանի սահմանին։ Իրավիճակը սրվեց մայիսին, երբ ներգաղթյալը սպանեց լեհ զինվորին, որից հետո կառավարությունը պարտավորվեց մոտ 2,5 միլիարդ դոլար ծախսել սահմանն ամրացնելու համար։
Ռուսական ներխուժումն Ուկրաինա կտրել է երկաթուղային առևտրային ուղիները, և Բելառուսը չինական ապրանքների համար դարձել է ԵՄ մտնող միակ ճանապարհը, իսկ բեռնափոխադրումը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է 89%-ով: Լուկաշենկոն գոհ էր չինական տարանցման աճից՝ ձգտելով փոխհատուցել համեմատաբար էժան էներգառեսուրսների և վարկերի համար Մինսկի գրեթե լիակատար կախվածությունը Մոսկվայից։
Լեհաստանի կողմից բեռների տարանցման օգտագործումը Չինաստանի հետ բանակցություններում «կարող է գործոն լինել» Դուդայի այցից հետո սահմանային անցումների քանակի կրճատման համար, Bloomberg-ին ասել է հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Մենք դեռ շատ զայրացած ենք սահմանին մեր զինվորի սպանության համար»,- հայտարարել է նա։




























