Հայաստանի ֆինանսների նախարարությունն արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն, գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 2012թ-ից նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրք սահմանել ՀՀ ներմուծվող գրքերի եւ հրապարակումների համար:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը Հայաստանի գրքերի եւ հրապարակումների ներմուծումը մաքսատուրքով հարկելու նպատակ չի հետապնդում:
«Նշված ապրանքները (ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող) Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս մաքսատուրք չի կարող կիրառվել, քանի որ համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին վավերացված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներկրման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի Ֆլորենցիայի համաձայնագրի, որի դրույթները գերակայում են ՀՀ օրենքների դրույթների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այդ ապրանքների ներմուծումը մաքսատուրքով չհարկելու պարտավորություն:
ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրինագիծը նպատակ ունի մաքսատուրք կիրառել ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող այն ապրանքների (մասնավորապես ապրանքային կատալոգներ, գովազդային նյութեր, բացիկներ եւ այլն) ներմուծման նկատմամբ, որոնց մասով վերը նշված համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կարող է կիրառել մաքսատուրք:
Սակայն հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծում տեղ գտած ձեւակերպումները տարընկալումների տեղիք են տվել, օրինագծում ձեւակերպումները կվերանայվեն` դրանք շարադրելով կոնկրետ ապրանքային խմբերով»:




























