Ֆրանսիայի իշխանությունները լայնածավալ գործողություն են սկսել՝ մաքրելու համար կիբերլրտեսության ծրագրով վարակված համակարգիչները, որոնք ամբողջ աշխարհում վնասել են միլիոնավոր օգտատերերի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով դատախազությանը։

«Օլիմպիական խաղերին ընդառաջ այս գործողությունը վկայում է, որ տարբեր խաղացողներ Ֆրանսիայում և արտերկրում մոբիլիզացված են բոլոր դրսևորումներով կիբերհանցագործությունների դեմ պայքարի համար», - ասված է Փարիզի գլխավոր դատախազ Լոր Բեկուայի հայտարարության մեջ:

Դատախազն շեշտել է, որ քննիչները թիրախավորել են բոտերի ցանցը, որոնք կասկածվում են վնասաբեր PlugX համակարգչային ծրագրերով վարակելու և դրանց միջոցով տվյալներ գողանալու մեջ՝ մասնավորապես՝ լրտեսական նպատակներով:

Դատախազն հայտնել է նաև, որ վերլուծաբաններն ու քննիչները կարողացել են վերահսկողություն սահմանել միլիոնավոր վարակված համակարգիչներ վերահսկող սերվերի վրա, որը սկսել է շտկել համակարգիչներին առնչվող խառնաշփոթ իրավիճակը:

Նրանք գործողությունը սկսել են հուլիսի 18-ին, և ակնկալվում է, որ այն կտևի մի քանի ամիս՝ արդեն իսկ օգնություն ցուցաբերելով եվրոպական մի շարք երկրներում տուժածներին։

Ֆրանսիայի կառավարության կիբերանվտանգության գործակալությունը նախորդ շաբաթ նախազգուշացրել է, որ դրամաշորթ ծրագրերի հարձակումներն անխուսափելի կլինեն Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք պաշտոնապես ուրբաթ կբացվեն: