Հայաստանի խորհրդարանի շենքի դիմաց բնապահպանների բողոքի ցույց է տեղի ունեցել` ուղղված «Բնապահպանական փորձաքննության մասին» օրինագծի դեմ, որն ընդգրկված է Ընդերքի մասին օրինագծերի փաթեթում: Բողոքողների թվում է եղել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Բնապահպանների շրջանում դժգոհություն է առաջացրել օրինագծի վերջին խմբագրումը: Մասնավորապես, բնապահպանական վճարումներ կատարող լեռնահանքային արդյունաբերության սուբյեկտների հաշվառումը հանվել է Պետական բնապահպանական փորձաքննության լիազորությունների ցանկից:
Բնապահպանական վերահսկողության հիմնական ոլորտներից հանվել է ընդերքի օգտագործման ժամանակ բնապահպանական պահանջների դիտարկումը, արտադրական թափոնների տեղաբաշխումը, ինչպես նաեւ երկրահետախուզական եւ հանութագրման աշխատանքների տվյալների լիարժեքության, նաեւ` ընդերքում եղած անմշակ օգտակար հանածոների հաշվառման հսկողությունը:
Հիշեցնենք, որ Ընդերքի մասին օրենսգիրքը եւ դրան առնչվող օրինագծերի փաթեթն ընդունվել էին Ազգային ժողովի այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի երրորդ` վերջնական ընթերցմամբ, ձայների 73 «կողմ», 7 «դեմ» տեղաբաշխմամբ: Ինչպես ավելի վաղ նշվել էր, օրինագծին դեմ էր ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը: Այսօրվա լսումների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհրդարանականներին կոչ է արել «գոնե մեկ անգամ լսել հանրային բողոքը»:




























