Հայաստանի համարյա բոլոր հանգստյան գոտիներում Ամանորյա տուրփաթեթները սպառված են, ընդ որում` աստղաբաշխական գներով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռումեա» ընկերության նախագահ Ռ. Գրիգորյանը: Նրա խոսքով` հանգստյան տներն ու հյուրանոցները Ծաղկաձորում, Հանքավանում, Ջերմուկում կամ Աղվերանում «խայտառակ» գներ են սահմանել Ամանորի 5-օրյա կամ 1 շաբաթյա հանգստի համար` 340 հազ-1 մլն դրամի սահմաններում: Իսկ ամենազարմանալին այն է, որ համարյա ամենուրեք տեղերը արդեն իսկ զբաղեցված են: Ըստ Ռ. Գրիգորյանի` միայն մի քանի տեղ է մնացել Ջերմուկում, այն էլ շուտով կսպառվի: Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է աղքատ երկիր: Ռ. Գրիգորյանն ասաց, որ նման գումարներով անգամ կարելի է դեպի Եվրոպա փաթեթ պատվիրել:

Ի դեպ` NEWS.am-ի հարցումները նույնպես հաստատում են, որ Ամանորին հանգստյան գոտիներում բոլոր տեղերն արդեն սպառված են: Սակայն երկար փնտրտտուքից հետո մեզ հաջողվեց գտնել համեմատաբար «էժան» հյուրանոց: Դա «Աղվերան հոթելն է», ուր Ամանորի 5 օրվա փաթեթը (դեկկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 4) առաջարկում է 240 հազ. դրամով, սակայն վաղուց է սպառել բոլոր տեղերը: Փաթեթի մեջ մտնում է նաեւ շոու ծրագիրը` կենդանի երաժշտությամբ: 7-15 տարեկան երեխաներին տրամադրում են 50 տոկոս զեղչ: