Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Թարթառի ուղղությամբ, ադրբեջանցի զինծառայող է սպանվել, հաղորդում է APA գործակալությունը: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության 19-ամյա զինծառայող Էլմար Սամադի Հաբիբզադեն զոհվել է նոյեմբերի 26-ին` ժամը 15:30-ին մոտ Թարթառի ուղղությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ դիպուկահարի կողմից արձակված կրակոցի հետեւանքով: Այդ փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության քարտուղարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Հաղորդվում է, որ Հաբիբզադեն բանակ է զորակոչվել այս տարվա ապրիլին, Լենքորանի շրջանային զինկոմիսարիատից:
Հիշեցնենք, որ ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես եւ նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչեւ 7 զոհ եւ վիրավոր:
Մինչ այժմ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ չէին հաղորդում շփման գծում զոհված զինվորի մասին:




























