ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեկ ժամ ուշացումով է բեմ բարձրացել Նեշվիլում Bitcoin 2024 համաժողովում ելույթ ունենալու համար, սակայն դա չի թուլացրել հավաքվածների ոգևորությունը, գրում է Axios-ը։
Կրիպտոարժույթն առաջին անգամ ԱՄՆ նախագահական քարոզարշավի խնդիր դարձավ այն բանից հետո, երբ Թրամփը մայիսին խոստացավ, որ կապահովի, որ Ամերիկան ապագայում գերիշխող դիրք կունենա բիթքոյնի արտադրության մեջ:
«Ես շատ ուրախ եմ, որ առաջին ամերիկացի նախագահն եմ, որը ելույթ է ունենում բիթկոյնին նվիրված միջոցառմանը», - ասել է Թրամփը:
Իր ելույթի ընթացքում Թրամփն անդրադարձել է քարոզարշավի տարբեր թեզիսների, ինչպիսիք են Իսրայելին աջակցելը, պատերազմների դադարեցումը և էներգետիկ անկախությունը:
«Բիթքոյնն ազատություն է», - ասել է նա ավելի ուշ իր ելույթում:
Բայց նա չհիասթափեցրեց հավաքվածներին՝ միայն բիթքոյնի վրա կենտրոնանալով :
Նա անդրադարձավ մի քանի հիմնական թեմաների, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես է նա զարգացնելու բիթքոյնը և կրիպտոարժույթների արդյունաբերությունը Միացյալ Նահանգներում:
Նախ՝ Դոնալդ Թրամփը խոստացավ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ օգտագործելով բոլոր առկա աղբյուրները, այդ թվում՝ արդյունահնվող վառելիքը և միջուկային էներգիան։
Ըստ նրա, դա անհրաժեշտ է ոչ միայն բիթքոյնի, այլև արհեստական ինտելեկտի նկատմամբ գերակայության մրցավազքում հաղթելու համար։
Երկրորդ, ըստ նրա, ԱՄՆ-ն երբեք չպետք է վաճառի իր տրամադրության տակ հայտնված բիթքոյնները (օրինակ, երբ դրանք առգրավվում են մեղադրյալ հանցագործներից):
Ըստ Թրամփի, դա կդառնա «բիթքոյնի ռազմավարական ազգային պահուստի» հիմքը։
ԱՄՆ կառավարությունն ունի ավելի քան 210․000 բիթքոյն, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենամեծ սեփականատերերից մեկը (տեխնոլոգիական MicroStrategy ընկերությունը տիրապետում է ավելի քան 226․000 բիթքոյնի):
Թրամփն անդրադարձել է նաև մրցունակության թեմային։
«Եթե մենք չընդունենք բիթքոյնը և կրիպտոարժույթը, Չինաստանը կընդունի, - ասել է նա։- Ես ուզում եմ, որ դրանք արտադրվեն ԱՄՆ-ում։ Այն ոչ մի ուրիշ տեղում չի արտադրվի։ Եվ եթե բիթքոյնը հասնի մինչև լուսին, ինչպես մենք ենք ասում... Ես ուզում եմ, որ Ամերիկան լինի այն երկիրը, որն առաջնորդում է ճանապարհը»:
Նա նաև խոստացել է վերջ տալ կրիպտոարժույթների նկատմամբ կարգավորողների թշնամանքին, որը ոլորտի մասնակիցների կարծիքով բնութագրում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ժամանակաշրջանը:
Իր ելույթի ժամանակ նախկին նախագահը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը թուլացրել է իր ճնշումը ոլորտի վրա այն բանից հետո, երբ ինքը հանդես է եկել կրիպտոարժույթի օգտին:





























