Ճապոնիայի և ԱՄՆ պաշտպանության ղեկավարները և բարձրաստիճան դիվանագետները «Չինաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում» կիրակի օրը Տոկիոյում բանակցություններ են վարել ռազմական համագործակցության հետագա ամրապնդման շուրջ, այդ թվում՝ ԱՄՆ զորքերի հրամանատարության և վերահսկման մակարդակը բարձրացնելու և Ճապոնիայում ամերիկյան արտոնագրով հրթիռների արտադրությունը մեծացնելու ճանապարհով, հայտնում է AP-ն։
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իրենց ճապոնացի գործընկերներ Յոկո Կամիկավայի և Մինորու Կիհարայի հետ մասնակցել են Ճապոնիա-ԱՄՆ անվտանգության խորհրդատվական համձնաժողովի նիստին, որը հայտնի է «2+2» ձևաչափով անվտանգության բանակցություններ անունով, որպեսզի վերահաստատեն իրենց դաշինքը նախագահական մրցապայքարից Ջո Բայդենի դուրս գալուց հետո։
«Մենք պատմության բեկումնային կետում ենք, երբ կանոնների վրա հիմնված, ազատ և բաց միջազգային կարգը հիմքից ցնցվել է,- ասել է Կամիկավան:- Հիմա գալիս է մի կրիտիկական փուլ, երբ մեր ապագան կախված է այսօրվա մեր որոշումներից»:
Իր բացման խոսքում Օսթինը հայտարարել է, որ Չինաստանը «պարտադրանք է դրսևորում՝ փորձելով փոխել ստատուս քվոն Արևելաչինական և Հարավչինական ծովերում, Թայվանի շուրջ և ողջ տարածաշրջանում», հավելելով, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և Ռուսաստանի հետ համագործակցության խորացումը «սպառնում են տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը»։
Օսթինն ասել է, որ նախարարները նախատեսում են քննարկել ամերիկյան և ճապոնական հրամանատարական և վերահսկման կառույցների արդիականացումը:
Սա ենթադրում է ամերիկյան հրամանատարության և կառավարման համակարգի արդիականացում, մարտին միասնական հրամանատարություն ստեղծելու Ճապոնիայի ջանքերին զուգահեռ:
«Սա կլինի մեր դաշինքի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկը», - ասել է Օսթինը:
Ճապոնիայում տեղակայված է ավելի քան 50․000 ամերիկացի զինծառայող, սակայն Ճապոնիայի ամերիկյան զորքերի հրամանատարը, որի կենտրոնակայանը գտնվում է Յոկոտայում՝ Տոկիոյի արևմտյան արվարձաններից մեկում, որին հանձնարարված է ղեկավարել իրենց բազաները, չունի հրամանատարական լիազորություններ: Հրամանները տրվում են Հավայիի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունից:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության և վերահսկման արդիականացման ծրագիրը նպատակ ունի դյուրացնել համատեղ զորավարժություններն ու գործողությունները, ասել են պաշտոնյաները:
Նախարարները նաև պետք է քննարկեին հետախուզության, հսկողության, դիտարկման և կիբերանվտանգության ոլորտներում համակարգման ուժեղացման հարցը, ոլորտներ, որտեղ Ճապոնիային հետագա կատարելագործում է անհրաժեշտ՝ ապագա սպառնալիքներին համատեղ դիմակայելու համար: Նախարարներն առաջին անգամ առանձին բանակցություններ են վարում, որպեսզի վերահաստատեն «Ռուսաստանի և Չինաստանի կողմից միջուկային սպառնալիքի աճի պայմաններում» ԱՄՆ-ի հանձնառությունը «ընդլայնված զսպմանը», որը ներառում է միջուկային զենքը, ի տարբերություն Ճապոնիայի նախկին դժկամությանը՝ բացահայտորեն քննարկելու զգայուն հարցը աշխարհի միակ միջուկային հարձակման ենթարկված երկրում:
Ճապոնիան արագացնում է իր ռազմական հզորության մեծացումը և ընդլայնում համատեղ գործողությունները Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հարավային Կորեայի հետ՝ միաժամանակ փորձելով ուժեղացնել իր հիմնականում ներքին պաշտպանական արդյունաբերությունը:
Ավելի վաղ Լաոսում բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի արտաքին գործերի ղեկավարների միջև, որոնց ընթացքում կողմերն ընդունել են առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը։





























