Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն անուղղակիորեն մեղադրել է «Հեզբոլլահին» գրավյալ Գոլանի բարձունքներում դրուզների գյուղին հարվածելու մեջ։
X-ի իր միկրոբլոգում Բերբոքը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է գրավյալ Գոլանի բարձունքների Մաջդալ Շամսա գյուղի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով 12 երեխա և դեռահաս է զոհվել։
«Ես դատապարտում եմ դրուզների Մաջդալ Շամսա գյուղի վրա հարձակումը։ Սարսափելի է, որ սպանվել են երեխաներ ու երիտասարդներ, որոնք պարզապես ուզում էին ֆուտբոլ խաղալ։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին»,- գրել է Բերբոքը:
«Ամիսներ շարունակ Իսրայելի քաղաքացիները «Հեզբոլլահի» և այլ ծայրահեղականների գնդակոծությանն են ենթարկվում: Ուխտադրուժ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ժամանակն է գործել սառը գլխով։ Այս հակամարտությունում արդեն շատ մարդիկ են զոհվել»,- հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Իսրայելը մահաբեր հրթիռային հարձակման մեջ մեղադրում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը։
Մինչդեռ «Հեզբոլլահը» և լիբանանյան իշխանությունները հերքում են շարժման մասնակցությունը միջադեպին։





























