Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այս շաբաթ պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում՝ փորձելով վերականգնել հարաբերությունները, քանի որ Եվրամիության հետ առևտրային պատերազմի մտավախությունները միահյուսված են ավտոարտադրության և այլ ոլորտներում չինական ներդրումներ ներգրավելու շահագրգռվածության հետ, հայտնում է AP-ն:
Կիրակի օրը Մելոնին Չինաստանի մայրաքաղաքում իտալացի և չինացի գործարարների մասնակցությամբ համաժողովից առաջ հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:
Նրա հնգօրյա այցը տեղի ունեցավ ամիսներ անց այն բանից հետո, երբ Իտալիան դուրս եկավ Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունից, որը համաշխարհային առևտուրը խթանելու և Չինաստանի կապերը այլ երկրների հետ խորացնելու նպատակով ամբողջ աշխարհում էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ կառուցելուն է վերաբերվում:
Իտալիան պնդում է, որ խոստացված տնտեսական օգուտները չեն արդարացել, և իր անդամակցությունը հակասություններ է առաջացրել արևմտաեվրոպական այլ կառավարությունների և Միացյալ Նահանգների հետ:
Այդուհանդերձ, Հռոմը նախկինի պես ձգտում է ամուր տնտեսական հարաբերություններ պահպանել Պեկինի հետ: Stellantis-ը, խոշոր ավտոարտադրողը, որի կազմում է իտալական Fiat-ը, մայիսին հայտարարեց էլեկտրական մեքենաների չինական Leapmotor ստարտափի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին՝ էլեկտրական մեքենաների վաճառքը Եվրոպայում սկսելու նպատակով:
Էլեկտրական մեքենաները դարձել են Չինաստանի և ԵՄ-ի միջև աճող առևտրային լարվածության խորհրդանիշը․ Եվրամիությունը հուլիսի սկզբին մինչև 37,6% -ի նախնական մաքսատուրքեր սահմանեց չինական արտադրության էլեկտրական մեքենաների վրա: Երկու կողմերն էլ բանակցություններ են վարում, որպեսզի փորձեն լուծել խնդիրը մինչև նոյեմբերի սկիզբը։
Միևնույն ժամանակ, Չինաստանը հակադեմպինգային հետաքննություն է սկսել եվրոպական խոզի մսի արտահանման վերաբերյալ՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտարարեց չինական էլեկտրական մեքենաների մաքսատուրքերի մասին:
Շաբաթ օրը Պեկին ժամանած Մելոնին արդեն բանակցություններ էր վարել Լիի հետ՝ հանդիպելով նրան անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Դելիում՝ G-20 ամենամյա գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում են 20 խոշորագույն երկրների ղեկավարները:





























