Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար, որին տրանսվեստիտներ էին մասնակցել, գրում է The Telegraph-ը։

Բեմում, որը վերստեղծում էր Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացված էին տրանսվեստիտներ և մերկ երգչուհի։ Սա սուր քննադատության է արժանացել քաղաքական գործիչների և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից:

«Փարիզ 2024»-ի ներկայացուցիչ Ան Դեշամն ասել է․  «Ակնհայտ է, որ մտադրություն չենք ունեցել որևէ կրոնական խմբի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»:

Ըստ Դեշամի, բացման արարողությունը «նպատակաուղղված էր հասարակական  հանդուրժողականությունը փառաբանելուն»:

«Մենք կարծում ենք, որ այս նպատակը ձեռք է բերվել։ Եթե ​​մարդիկ ինչ-որ բանից վիրավորվել են, մենք շատ ենք ցավում»,- հավելել է նա:

Իր հերթին, բացման արարողության գեղարվեստական ​​ղեկավար Թոմաս Ջոլին ասել է, որ «տարակուսած է» շոուի նկատմամբ բացասական արձագանքից:

«Մեր նպատակը վնասարար չլինելն էր: Մենք երբեք չենք ցանկացել վնաս հասցնել: Մենք ուզում էինք խոսել բազմազանության մասին: Բազմազանությունը նշանակում է միասին լինել: Մենք ցանկանում էինք ներգրավել բոլոր ցանկացողներին: Ֆրանսիայում մենք ունենք ստեղծագործական ազատություն։ Մեր բախտը բերել է, որ ապրում ենք ազատ երկրում»,- հայտարարել է նա։

«Խորհրդավոր ընթրիքի» որմնանկարը, որը նկարվել է 15-րդ դարի վերջին, պատկանում է Վերածննդի դարաշրջանի վարպետ Լեոնարդո դա Վինչիի վրձնին և գտնվում է Միլանում։ Այնտեղ պատկերված են Հիսուսը  իր 12 առաքյալների հետ, երբ նա հայտարարում է, որ նրանցից մեկը  մատնելու է իրեն։

Շաբաթ օրը մի շարք հայտնի քաղաքական գործիչներ քննադատեցին այս տարօրինակ բեմադրությունը, իսկ  աջ արմատական պատգամավոր Մարիոն Մարեշալը ներողություն խնդրեց աշխարհի բոլոր քրիստոնյաներից, որոնք վիրավորվել էին տեսարանից:

Իր հերթին, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ծաղրանմանակումն անվանել է «վիրավորական և ստոր»:

«Օլիմպիական խաղերի բացումը, որը վիրավորանք էր ամբողջ աշխարհի միլիարդավոր քրիստոնյաների համար, իսկապես վատ սկիզբ էր», - գրել է նա  X-ի իր միկրոբլոգում:

Գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը նույնպես քննադատել է սկանդալային տեսարանը՝ այն անվանելով «չափազանց վիրավորական քրիստոնյաների համար»:

Վիճահարույց տեսարանում մոտ մեկ տասնյակ դերասանների խումբը նստած է եղել երկար սեղանի շուրջ: Կենտրոնում մի կին էր՝ ձեռքերը սրտի ձևով պահած․ թագ հիշեցնող գլխազարդով։ Նրա կողքերին   տրանսվեստիտներ, տրանսգենդեր պարողներ և այլ դերասաններ էին: Տեսարանի վերջում բեմի վրա ուտելիքով սկուտեղ դրեցին, որտեղից կապույտ ներկված մի կիսամերկ տղամարդ հայտնվեց։