Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի աշնանը հայտարարում է, թե պատրաստ է ձմռանը, բայց գալիս է առաջին ձյունն ու քաղաքի պատասխանատուների հայտարարությունները սին են դուրս գալիս: Այս տարի էլ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է իր պատրաստվածության մասին. Այնպես որ սպասենք առաջին ձյան գալուստին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, Երեւանի քաղաքապետարանում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը` նվիրված ինչպես ձմռան նախապատրաստությանը, այնպես էլ ընթացիկ հարցերին: Նիստը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ սանմաքրող ընկերությունները 254 միավոր տեխնիկայով պատրաստ են ձմռանը, 250 տոննա աղի, 560 խորանարդ մետր ավազի պաշար արդեն կա. համալրումը շարունակվում է: Ասֆալտապատման 2009թ. ծրագիրը, եղանակային պայմաններին համընթաց, ավարտվել է, իսկ փոքրածավալ աշխատանքները` ճաքալցումն ու փոսերի ասֆալտապատումը, կշարունակվեն մինչեւ ձմեռնամուտ:

Նոյեմբերից դպրոցականները կհաճախեն թատրոն` ցերեկային ներկայացումների: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության թատրոններն արդեն ճշտել են ցուցադրվելիք ներկայացումների ցանկը, քանակն ու ամսաթվերը: