Գերմանիան հայտարարել է, որ իրեն չեն կանգնեցնի Վլադիմիր Պուտինի սպառնալիքները, ով նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը կարող է վերսկսել միջին հեռահարության միջուկային զենքի արտադրությունը, եթե Միացյալ Նահանգները հաստատի Եվրոպայում հրթիռներ տեղակայելու իր մտադրությունը:
«Մեզ չեն վախեցնի նման հայտարարությունները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը։
Վաշինգտոնը և Գերմանիան հուլիսին հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները 2026 թվականին կսկսի հեռահար կրակային միջոցներ տեղակայել Գերմանիայում, քայլ, որը նպատակ ունի ցույց տալ հավատարմությունը ՆԱՏՕ-ին և եվրոպական պաշտպանությանը:
Անցյալ կիրակի Սանկտ Պետերբուրգում ռազմածովային շքերթի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները կարող են հանգեցնել «սառը պատերազմի» տիպի հրթիռային ճգնաժամի:
«Մենք մեզ ազատված կհամարենք միջին և փոքր հեռահարության հարվածային զինատեսակների տեղակայման նախկինում ընդունված միակողմանի մորատորիումից»,- ասել է ՌԴ նախագահը։





























