Կուրսկի մարզը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի կողմից, հայտնել է տարաշրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Ուկրաինայի զինված ուժերի չորս հրթիռներ ոչնչացվել են Օկտյաբրսկի և Կուրչատովսկի շրջանների երկնքում»,- գրել է Սմիրնովն իր թելեգրամյան ալիքում։ Մարզի ղեկավարը ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չի հայտնել։ Միաժամանակ նա տեղի բնակիչներին հորդորել է ձեռք չտալ հայտնաբերված հրթիռի բեկորներին և հայտնել արտակարգ օգնության ծառայություններին։
Սմիրնովի մատնանշած տարածքները Կուրսկից արևմուտք են։ Մասնավորապես, Օկտյաբրսկի շրջանի սահմանները շրջկենտրոնի ծայրամասից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են։
Ինչպես հայտնում է Shot թելեգրամյան ալիքը, գիշերը Կուրսկի բնակիչները պայթյուն են լսել և քաղաքի վերևում գտնվող երկնքում վառ բռնկում են տեսել։ Բարձր աղմուկը մի քանի տարածքների ավտոկայանատեղերում միացրել է ավտոմեքենաների ահազանգերը: Միայն դրանից հետո են իշխանությունները հայտարարել հրթիռային սպառնալիքի մասին և բնակիչներին հորդորել փողոց դուրս չգալ։
Այնուհետև պայթյուններ են լսվել նաև Լգովի, Կուրչատովի և Կուրսկի մարզի օդանավակայանի մերձակայում։ «Типичный Курск» հեռուստաալիքի տվյալներով՝ խոցված ՀՕՊ հրթիռների բեկորներն ընկել են Կուրսկի բակերում։
Նույն գիշերը Բելգորոդի շրջանում ևս հրթիռային սպառնալիք է հայտարարվել, որը չեղարկվել է 20 րոպե անց։ Տարածաշրջանային իշխանությունները խոցված հրթիռների մասին չեն հաղորդել:





























