Եվրահանձնաժողովը Բուդապեշտից կխնդրի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես է Հունգարիան փոխում վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Ըստ «Европейская правда»-ի՝ դրա մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։
Նրան խնդրել են մեկնաբանել հաղորդագրությունը, որ Շենգենյան գոտու անդամ Հունգարիան մեղմացրել է վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։
Անիտա Հիպերը պատասխանել է, որ Եվրահանձնաժողովը կապվելու է Հունգարիայի իշխանությունների հետ՝ պարզելու համար Բուդապեշտի որոշման հստակ մասշտաբները և եվրոպական կանոններին դրա համապատասխանությունը։
«Ռուսաստանն անվտանգության սպառնալիք է ԵՄ-ի համար։ Անդամ երկրների և ԵՄ մակարդակով բոլոր գործիքները պետք է ապահովեն Եվրամիության անվտանգությունը և հաշվի առնեն Շենգենյան գոտու անվտանգությունն ամբողջությամբ»,- նշել է նա։
Մամուլի խոսնակը հավելել է, որ Հունգարիան, երրորդ երկրների քաղաքացիներին թույլ տալով մուտք գործել, պարտավոր է ապահովել, որ Շենգենյան տարածք մուտք գործելու բոլոր պահանջները պահպանվեն:
«Դա վերաբերում է ոչ միայն վիզաների կամ ներկայիս կացության թույլտվությունների առկայությանը, այլև Շենգենյան գոտու տվյալների բազայում կարմիր ցուցակներում դրանց բացակայությանը»,- նշել է խոսնակը։





























