Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին. նրան տեղեկացրել են, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցներից մեկը անցանկալի անձ է հայտարարվել։ Դրա մասին հինգշաբթի հայտնել է Մոլդովայի ԱԳՆ-ն։
Արտաքսման որոշումն ընդունվել է ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որոնք հնարավորություն են տվել տեղեկություններ և ապացույցներ հավաքել առ այն, որ ռուս դիվանագետը Մոլդովայի տարածքում դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողություններ է իրականացրել։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանում խուզարկություններից հետո երկու հոգի ձերբակալվել են դավաճանության մեղադրանքով:
Ձերբակալվածներից մեկն, ըստ լրատվամիջոցների, խորհրդարանի իրավաբանական բաժնի ղեկավար Իոն Կրյանգն է։ Նրան ենթադրաբար ձերբակալել են Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին տեղեկություն փոխանցելու պահին:
«Մենք այս բոլոր գործողություններն ընկալում ենք որպես բավական ոչ բարեկամական», - ըստ Newsmaker-ի՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մոլդովայում ՌԴ դեսպանը ԱԳՆ կանչից հետո։
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ դեսպանատան աշխատակիցը տեղեկություն է ստացել Մոլդովայի պաշտոնատար անձանցից, Վասնեցովը պատասխանել է. որ անցանկալի անձ հայտարարելը տեղի է ունենում հակառակ նրա, որ դեռ ապացույցներ չեն ներկայացվել։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը կարձագանքի՞ Քիշնևի որոշմանը, ռուս դիվանագետը պատասխանեց. «Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատասխաններ է գտնում։ Պատասխան անպայման կլինի»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետախուզության և անվտանգության ծառայության աշխատակիցները և Մոլդովայի գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դատախազները պետական դավաճանության գործով խուզարկություն են անցկացրել երկրի խորհրդարանում։





























