Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ժամանակն է, որ Վենեսուելայում քաղաքական ուժերը սկսեն քննարկել նախագահի լիազորությունները ընդդիմության առաջնորդներից Էդմունդո Գոնսալեսին փոխանցելու հարցը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով ճնշող ապացույցները՝ Միացյալ Նահանգներին և ամենակարևորը վենեսուելացիներին պարզ է, որ Էդմունդո Գոնսալեսը ստացել է ամենաշատ ձայները հուլիսի 28-ին Վենեսուելայի նախագահական ընտրություններում»:

«Շնորհավորում ենք Էդմունդո Գոնսալեսին հաջող քարոզարշավի կապակցությամբ: Հիմա ժամանակն է, որ Վենեսուելայում կուսակցությունները սկսեն քննարկել իշխանության հարգալից, խաղաղ անցումը, որը համապատասխանում է Վենեսուելայի ընտրական օրենքներին և վենեսուելացիների ցանկություններին, ասել է Բլինքենը՝ հավելելով. «Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնմանը և պատրաստ ենք դիտարկել դրանք ամրապնդելու հնարավորությունները մեր օտարերկրյա գործընկերների հետ միասին»։

ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը չորեքշաբթի ասել է, որ Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ այլ երկրներ պետք է ճանաչեն Գոնսալեսին որպես Վենեսուելայի նախագահական ընտրությունների հաղթող։

Վենեսուելայի Գերագույն դատարանի ընտրական պալատը հուլիսի 28-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարող բոլոր քաղաքական գործիչներին հրավիրել է օգոստոսի 2-ին գալ դատարանի շենք՝ մասնակցելու ընտրական արձանագրությունների ստուգմանը։