Հունգարիան ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը եւ աջակցում է այդ գործընթացին։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնան Հունգարիայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։ Հունգարիայի վարչապետը շեշտել է, որ տարածաշրջանում առկա խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, բացի երկկողմ հարաբերությունների հաստատումից, կփոխի նաեւ ողջ տարածաշրջանի միջազգային ընկալումը` նպաստելով կայունության, զարգացման, տեւական խաղաղության, գործընկերության ոգու ու փոխվստահության ամրապնդմանը։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ Հունգարիան կարեւորում է Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությունը եւ ԵՄ-ում 2011 թ.-ին նախագահելու ընթացքում դիտելու է այն, որպես կարեւոր առաջնահերթություն։

Սերժ Սարգսյանն իր հերթին նկատել է, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում մի կողմից հարաբերությունները զարգացնելու Եվրամիության ու նրա առանձին երկրների հետ, իսկ մյուս կողմից` խթանելու բարեփոխումների գործընթացը մեր երկրում։

Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի հետ հանդիպմանը քննարկվել է նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները։ Կողմերը նշել են, որ մի կողմից Հայաստանի նախագահի պետական այցը Հունգարիա եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մյուս կողմից` երեկ Բուդապեշտում ստորագրված միջգերատեսչական համագործակցության արձանագրությունները, հայ-հունգարական գործարար համաժողովն ու շփումները նպաստավոր միջավայր են ստեղծում երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Այնուհետեւ Հայաստանի նախագահը, Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հետ մասնակցել են Հունգարիայի Պաշտպանության նախարարության ռազմական պատմության ինստիտուտի կողմից կազմակերպված ցուցանահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Ցուցահանդեսը նվիրված է հայ-հունգարական ռազմական առնչությունների պատմությանը։

Նոյեմբերի 10-ին, օրվա երկրորդ կեսին, ավարտելով իր պետական այցը Հունգարիա, Սերժ Սարգսյանը Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի հրավերով աշխատանքային կարճատեւ այցով ժամանել է Կալինինգրադ։