Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ է ներկայացրել յոթ թեկնածու՝
- Էլմիրա Արսենյան
- Քնարիկ Առաքելյան
- Զառա Արամյան
- Իրինա Շախնազարյան
- Օֆելյա Ասատրյան
- Մարգարիտա Մինասյան
- Նունե Էլմասյան։
Մրցութային գործընթացին միայն կին թեկնածուների մասնակցության հանգամանքը պայմանավորված է«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։
Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը կկայանա օգոստոսի 16–ին։
Մրցութային հանձնաժողովի կազմում են Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։




























