Google-ը կրկին տոնական տեսքով է ներկայանում, այս անգամ` ամերիկացի մեծ գրող Մարկ Տվենի պատվին: Մեկ այլ ամերիկյան գրող Ֆոլքներն ասել է, որ Մարկ Տվենը  «առաջին իսկական ամերիկյան գրողն էր, եւ մենք բոլորս նրա հետնորդներն ենք»:  Էռնեստ Հեմինգուեյն էլ գրել է, որ «ամերիկյան ժամանակակից ամբողջ գրականությունը սկիզբ է առել Մարկ Տվենի մեկ գրքից, որը կոչվում է «Հեքլբերի Ֆիննի արկածները»:

 Բոլորիս մանկության մի մասնիկը կազմող երկու գրական կերպարների` Հեքլբերի Ֆիննի եւ նրա ընկեր Թոմ Սոյերի պատկերներն էլ հենց ներկայացված են Google-ի տոնական հանդերձանքում: Ընդ որում` պատկերված է ամենահիշարժան` ցանկապատ ներկելու դրվագը:

Մարկ Տվենը (Սեմյուել Քլեմենս)  ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին: Նրա առաջին գրական հաջողությունը եղել  է 1865թ.: Նա շատ է  ճամփորդել, եղել է նաեւ Ռուսաստանում, Ասիայում, Աֆրիկայում եւ Ավստրալիայում, զբաղվել է գիտությամբ, սիրել է բիլիարդ խաղալ եւ ծխամորճ ծխել:

1870թ. ամուսնացել է Օլիվիա Լենգդոնի  հետ եւ տեղափոխվել Քոննեքթիքութ նահանգի Հարթֆորդ քաղաք: Այդ տարիներին նա հաճախ դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ում եւ Անգլիայում:

Գրողն օժտված է եղել հումորի բացառիկ զգացումով: Նա միշտ է կատակել, նույնիսկ ճակատագրի ծանր հարվածների ժամանակ: Նա տեսել է իր չորս երեխաներից երեքի, ինչպես նաեւ կնոջ մահը: Բայց անգամ այդ ժամանակ նա արտաբերել է իր հանրահայտ ասույթը` «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»: Մարկ Տվենը մահացել է 1910 թվականին:

Իսկ աշխարհը հիշում է ե’ւ նրա հումորները, ե’ւ վեպերը: