Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող կոալիցիայի անդամ Միխայել Ռոթը Գերմանիայի ղեկավարությանը կոչ է արել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը չկրճատել։
«Գերմանական կառավարության կողմից Ուկրաինային ուղղված ճակատագրական ազդանշան կլիներ, եթե նոր ռազմական օգնության միջոցները չներառվեն ապագա դաշնային բյուջեներում»,-Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում ասել է նա:
Ռոթը հավելել է, որ ուկրաինական բանակը «վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ կրկին հարձակման է անցել, և երկիրն այժմ Եվրոպայում իր ամենակարևոր ռազմական դաշնակցի՝ Գերմանիայի լիակատար աջակցության կարիքն ունի», գրում է Deutsche Welle-ն։
«Փոխարենը, ապագա ռազմական օգնության ֆինանսավորման մասին բանավեճը կարծես գերմանական պատասխանատվության քողարկված շեղում է:
Մենք չենք կարող մեր անվտանգությունը կախված դարձնել բյուջետային սահմանափակումներից», - ասել է նա՝ միաժամանակ «անբավարար» անվանելով 50 միլիարդ դոլարը, որը G7 երկրները խոստացել էին հատկացնել Կիևին:
Ավելի վաղ գերմանացի այլ քաղաքական գործիչներ քննադատել էին Գերմանիայից Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելուց հրաժարվելը։
Արտաքին քաղաքականության փորձագետ, ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Նորբերտ Ռոտգենն, օրինակ, իշխող կոալիցիային «Դոնալդ Թրամփի ոճով քաղաքականությամբ զբաղվելու, ներքաղաքական վեճերի արդյունքում Ուկրաինային հետագա օգնությունը դադարեցնելու մեջ է մեղադրել»։
«Միակ տարբերությունն այն է, որ Գերմանիայի համար Ուկրաինային աջակցելը նշանակում է սեփական անվտանգության ֆինանսավորում», - հավելել է Ռոտգենը:
Նրա կուսակից, բյուջեի փորձագետ Ինգո Գեդեխենսը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և իշխող կոալիցիան Ուկրաինայի նկատմամբ «աննախադեպ երեսպաշտություն» են ցուցաբերում:
«Շոլցը մի կողմից անընդհատ խոստանում է «ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», իսկ մյուս կողմից՝ փորձում է դառնալ «խաղաղության կանցլեր»։ Այս հակասությունը հանգեցրել է ստեղծված իրավիճակին, կարծում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Կիևին հավելյալ օգնությունը դադարեցնելու ծրագրերը քննադատության է ենթարկել նաև Գերմանիայի կառավարության մաս կազմող Կանաչների կուսակցությունը:
«Ուկրաինան բացարձակապես և ապագայում մեր լիակատար համերաշխության և աջակցության կարիքն ունի։ Դրա համար պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- ընդգծել է Բունդեսթագի Կանաչների խմբակցության նախագահ Բրիտա Հասելմանը։
Իսկ պաշտպանության փորձագետ Քրիստիան Կլինկը կոչ արեց չզոհաբերել Ուկրաինան «պարտքի արգելակին». ահա թե ինչ են անվանում Գերմանիայում մի շարք միջոցառումներ, որոնք թույլ չեն տալիս, որ պետական պարտքի չափը չափազանց աճի:





























