Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության համագումարի բացման օրը ցուցարարներն, ի նշան բողոքի, քայլերթի են դուրս եկել Իսրայելի քաղաքականությանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության պատճառով։

Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, նրանք տապալել են մարզադաշտի պատնեշը, որտեղ ելույթ էին ունենում Բայդենը եւ Հարիսը։ Չորս մարդ ձերբակալվել է, Չիկագոյի ոստիկանությունը մամուլի ասուլիսում հաստատել է, որ կատարվել են ձերբակալություններ, բայց չի նշել, թե քանի մարդ է ձերբակալվել։

Բողոքի ցույցի ժամանակ ամբոխը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսից՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուին անվանելով «մարդասպան Քամալա»։ Չիկագոյի ոստիկանությունը օղակել է մարզադաշտը, որպեսզի զսպի ընդվզողներին, որոշ ոստիկաններ հեծանիվներով էին։

Այնուամենայնիվ, «Երթ ընդդեմ Դեմոկրատական կուսակցության» խումբը ավելի քիչ կողմնակիցներ է հավաքել, քան ակնկալվում էր մամուլի կենտրոնի կողքի այգում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի ընթացքում։