Ավստրալիան և Ինդոնեզիան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Ըստ Deutsche Welle-ի՝ դրա մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Ըստ ABC News-ի՝ Խոսքը 2012 թվականի պաշտպանական պայմանագրի թարմացման մասին է։ Ավստրալիայի իշխանությունները նոր համաձայնագրերը համարում են 2006 թվականի նոյեմբերին անվտանգության երկկողմ համաձայնագրի կնքումից ի վեր կարևոր ռազմավարական փաստաթղթերից մեկը։
Նոր փաստաթուղթը, մասնավորապես, կարգավորում է երկու երկրների պաշտպանական ուժերի համատեղ զորավարժությունների պարամետրերը։
Դա կարևոր է համատեղ դժվարին պատմության հետնապատկերին, որի ընթացքում, ինչպես հիշեցնում է ABC News-ն, դիվանագիտական և քաղաքական տարաձայնությունների պատճառով անվտանգության ոլորտում համագործակցությունը պարբերաբար խափանվում էր։
«Այս պատմական պայմանագիրը միմյանց անվտանգությունը պահպանելու համար մեր երկու երկրների համար կենսական հիմք կդառնա»,- նշել է Ալբանեզեն՝ հավելելով, որ առաջիկա օրերին համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի:





























