Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հստակեցրել է իր տեսակետը` զրպարտության համար լրատվամիջոցների պատասխանատվության աղմկահարույց դրույթի եւ Սահմանադրական դատարանի վերջին որոշման վերաբերյալ:

Նշենք, որ խոսքը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի մասին է, որ լրատվամիջոցների ֆինանսական պատասխանատվություն է ենթադրում զրպարտության համար: Տվյալ դրույթի ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ մի ամբողջ շարք հայցեր ներկայացվեցին դատարաններ, որոնք հիմք տվեցին հայտարարելու, որ օրենքը կիրառում են լրատվամիջոցներին սնանկացնելու նպատակով: Կարեն Անդրեասյանը, ով օրենսդրական փոփոխության հեղինակն էր, սակայն դժգոհ էր իր իսկ հեղինակած օրինագծից, դիմել էր Սահմանադրական դատարան` դրա համապատասխանությունը ստուգելու խնդրանքով: Նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը դրույթը սահմանադրական էր ճանաչել:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Անդրեասյանը հայտարարել է, թե կտրականապաես համաձայն չէ, որ ՍԴ-ն մերժել է իր դիմումը: «Ես դիմել էի համապատասխանությունը ստուգելու, այլ ոչ թե այն չհամապատասխանող ճանաչելու խնդրանքով»,- ասել է Անդրեասյանը:

Ըստ օմբուդսմենի, դրույթը լրացումների, հստակեցումների կարիք ունի, բայց ընդհանուր առմամբ, դրա ընդունումը դրական է: Առաջին հերթին պետք է հստակեցնել լրատվամիջոցների ֆինանսական պատասխանատվության վերին շեմը: «Որպես մարդ ես կցանկանայի, որ դատարանը հոդվածը հակասահմանադրական ճանաչեր եւ վերջակետ դներ դատաքննություններում: Դա մարդկային կլիներ, ոչ ոչ պրոֆեսիոնալ: Չի կարելի մի քանի գործերի պատճառով վակուում ստեղծել»,- ասել է Անդրեասյանը` հավելելով, որ չնայած թերություններին հոդվածը լավագույններից է Եվրոպայում:

Խնդրի լուծման համար նա առաջարկում է երկու եղանակ: Առաջինը հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ջանքերով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, անձամբ խոստանալով իր աջակցությունը, երկրորդը` ներդնել ինքնակարգավորման մեխանիզմը:

Ըստ Անդրեասյանի, քաղաքակիրթ եղանակը հերքում պահանջելն է: «Բայց այստեղ կա խնդիր: Լրատվամիջոցների մի մասը կամ հրաժարվում է հերքում տպագրել, կամ այնպիսի հերքում են հրապարակում, որ միայն խորացնում են իրավիճակը»,- նշել է օմբուդսմենը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական, որ օլիգարխները հերքում պահանջեն դատարան գնալու փոխարեն, Անդրեասյանը ասել է, որ դատարան դիմելը ամեն մարդու գործն է, «բայց օլիգարխը պետք է ամաչի միանգամից դատարան գնալուց` նախապես հերքում չպահանջելով»: