Հայաստանի օմբուդսմենը ո’չ Հայաստանի իշխանությունների կողմից է աջակցություն զգում, ո’չ ընդդիմության: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին, կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Պատասխանելով նախորդ օմբուդսմենի կողմից արված հայտարարության մասին հարցին, որում վերջինս նշել էր, որ իրենից դժգոհ են ե'ւ իշխանությունները, ե'ւ ընդդիմությունը, Անդրեասյանն ասել է, որ ինքն էլ նույն վիճակում է:

 «Մնացած երկրների օմբուդսմեններն էլ են նույն վիճակում», - նշել է Կարեն Անդրեասյանը: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ իրեն պետք չէ քաղաքական ուժերի աջակցությունը. «Հարկավոր է քաղաքացիական հասարակության օգնությունը, գոնե` լուռ աջակցությունը», - նշել է Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենը հավելել է, որ 86 ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների հետ համագործակցությունը հենց անհրաժեշտ աջակցությունն է:

Կարեն Անդրեասյանի խոսքով, միջազգային կազմակերպությունների օգնությամբ, նախատեսվում է մինչեւ փետրվար ստեղծել օմբուդսմենի վեց շրջանային ներկայացուցչական գրասենյակներ:

Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք օմբուդսմենը արձագանքել լրատվամիջոցների այն հոդվածներին, թե խախտվել են մարդու իրավունքները ընդդիմության ելույթները ճնշելու ժամանակ, Կարեն Անդրեասյանը ընդգծել է, որ լրատվամիջոցների հրապարակումները հիմք չեն կարող հանդիսանալ գործ սկսելու համար:

Հիմք կարող են լինել գրավոր դիմումը կամ զանգը 116 կարճ համարին: Միաժամանակ օմբուդսմենը պարզաբանել է, որ այն դեպքերը, երբ խոսքը գնում են անօգնական (հաշմանդամներ, ովքեր չեն կարող օգտվել հեռախոսից), կամ իրենց իրավունքներից անտեղյակ մարդկանց մասին, (խոսքը անչափահասների մասին է), ապա օմբուդսմենի գարսենյակը կարող է նախաձեռնել իրադրությունը պարզաբանելու գործը: