Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհայդում Tesla հսկայական գործարանի կառուցումը հանգեցրել է 329 հեկտար տարածքի լայնածավալ անտառահատումների։ Սա համարժեք է մոտ կես միլիոն ծառի, երեքշաբթի՝ օգոստոսի 22-ին գրել է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով Kayrros-ի արբանյակային լուսանկարների վերլուծությունը։

Ծառահատումներն անցկացվել են 2020-2023 թվականներին։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի հուլիսին Բրանդենբուրգի դաշնային հողի իշխանությունները հաստատել են Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների միակ գործարանն ընդլայնելու ծրագրերը՝ արտադրությունը մեծացնելու նպատակով, ինչին բնապահպան ակտիվիստները բազմիցս դեմ են արտահայտվել, գրում է DW-ն։

«Գերմանիայի ամենաչոր շրջաններից մեկում շրջակա միջավայրի չափազանց մեծ մասն արդեն ոչնչացվել է: Անհրաժեշտ է կանխել արտադրության ընդլայնումը և անտառների հետագա ոչնչացումը, ինչպես նաև պահպանվող տարածքները խմելու ջրով ապահովելու սպառնալիքը»,- ակտիվիստ Կարոլինա Ջևոյի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Ըստ նրա, Kayrros-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Tesla-ի արտադրությունը ոչ միայն տեղական վնաս է հասցրել շրջակա միջավայրին, այլև հանգեցրել է համաշխարհային հետևանքների՝ հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման պատճառով, որոնք օգտագործվում են էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության մեջ: