Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը շահարկման առարկա է դարձել ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար։ Այս մասին «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնության ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«ՀՀ Սահմանադրությունը և նրա համար հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության է ենթարկվել ամենահեղինակավոր մասնագիտացված կառույցների կողմից, ու նրանցից որևէ մեկը այդ փաստաթղթում հակաիրավական կամ ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել»,– ասաց Գագիկ Մինասյանը:

Նախկին պատգամավորը շեշտեց, որ ՀՀ-ն դեմ է ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վերացմանը․

«Մեր Սահմանադրությունը հիմնված է ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար շահարկման առարկա»։