Ուկրաինայի Փրկարար ծառայությունը երեքշաբթի առավոտյան տեղեկացրել է, որ ռուսական հրթիռի հարվածի հետեւանքով Կրիվոյ Ռոգի կենտրոնի հյուրանոցում զոհվել է 2 մարդ, հինգ հոգի վիրավորվել է, երկու հոգի կարող է գտնվել փլատակների տակ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում նշվել է, որ փլուզված հյուրանոցից փրկվել է հինգ մարդ։
«Այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, փլատակների տակ կարող է դեռ երկու մարդ գտնվել։ Վնասվել են վեց խանութներ, չորս բազմաբնակարան տներ եւ ութ մեքենա»,- տեղեկացրել է ծառայությունը։
«Ավրորա» հյուրանոցը, որին հարվածել է ռուսական բալիստիկ հրթիռը, գտնվում է Կրիվոյ Ռոգի կենտրոնում։ Դրա կողքին առեւտրի կենտրոնն է, խանութներ, ռեստորան, հարեւան թաղամասում՝ քաղխորհրդի եւ քաղաքապետարանի շենքը։





























