Եվրոպական յոթ երկրների հետախուզության աշխատակիցները նորվեգական էներգետիկ ընկերությունների ղեկավարության հետ քննարկել են Ռուսաստանից գազային և նավթային ենթակառուցվածքների համար հնարավոր սպառնալիքները, գրում է EurActiv-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, որին մասնակցել են Նորվեգիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի անվտանգության ծառայությունները, ինչպես նաև Եվրոպայի խոշորագույն գազ մատակարարող Equinor-ի ներկայացուցիչներ։
«Մենք տեսնում ենք զարգացող իրավիճակ, որը ազդում է ոչ միայն Գերմանիայի կամ Նորվեգիայի գործընկերների վրա, այլև բոլորիս: Սա վտանգ է, որը բխում է որոշ գործընկերներից, օրինակ՝ Ռուսաստանից, որը ներառում է ոչ միայն լրտեսական գործողություններ, այլ նաև դիվերսիաների վտանգ որոշ տարածքներում»,- ասել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի փոխնախագահ Սինան Սելենը։
Նորվեգիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ Մոսկվան կարող է «հարմար համարել» Նորվեգիայում ֆիզիկական դիվերսիաներ իրականացնելը, որոնց հիմնական թիրախը նավթային հատվածն է։
«Ռուսաստանը երկար դիմակայության մեջ է Արևմուտքի հետ, և սա ռեժիմ է, որը պատրաստ է մեծ ռիսկի դիմել: Թեև մենք դեռ չենք տեսել Նորվեգիայում գործելու պլանների կոնկրետ ապացույցներ, խելամիտ է լինել զգույշ և բարձրացնել անվտանգության մակարդակը»,- ասել է Նորվեգիայի հետախուզական ծառայության ղեկավար, փոխծովակալ Նիլս Անդրեաս Ստենսունեսը:
Տարեսկզբից Եվրոպայում մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք, ըստ տեղական իշխանությունների, կապված են ռուս գործակալների ակտիվացման հետ։ Այսպես, ապրիլի վերջին Մեծ Բրիտանիայում երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել Ուկրաինային օգնելու համար զենքով պահեստը հրկիզելու համար։ Լոնդոնում կարծում են, որ դա Ռուսաստանի Դաշնության պատվերով գործող գործակալների աշխատանքն է։ Շվեդիայում հետաքննվում են գնացքների մի շարք վթարներ, որոնք անվտանգության ծառայությունները համարում են «օտար պետության» կողմից կատարված դիվերսիա։ Չեխիայում ռուս գործակալները փորձել են անջատել երկաթուղային ազդանշանային համակարգերը, ապրիլին ասել է տրանսպորտի նախարարը։
Գարնանը Գերմանիայում երկու մարդ է ձերբակալվել՝ Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիներ, որոնք կասկածվում են Ուկրաինայի համար նախատեսված բեռներով պահեստում հրկիզելու մեջ։ Էստոնիայի հետախուզական ծառայությունները հայտնում են, որ այս ձմռանը ռուսական հետախուզության աշխատակիցները վանդալիզմի են ենթարկել ներքին գործերի նախարարի և այլ քաղաքական գործիչների ու լրագրողների մեքենաները: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ զգուշացրել էր 2024 թվականին երկրի ներսում ռազմական օբյեկտներում դիվերսիաների վտանգի մասին։
Մայիսին հայտնի դարձավ, որ Եվրամիության երկրների հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց կառավարություններին Եվրոպայում դիվերսիաներ պատրաստող ռուսական իշխանությունների մասին։ Նրանց խոսքով՝ Մոսկվան իր գործակալների ու վստահված անձանց օգնությամբ պայթյուններ, հրկիզումներ ու եվրոպական ենթակառուցվածքների վնասներ է պատրաստում։ Ընդ որում, նրանց գործնականում չի անհանգստացնում հնարավոր քաղաքացիական զոհերը։ ԵՄ երեք երկրների ներկայացուցիչները նշել են, որ ռուսական հետախուզական ծառայությունները նախկինում նմանատիպ գործողություններ են իրականացրել Եվրոպայում, սակայն այժմ պատրաստ են գործել ավելի համակարգված և ագրեսիվ։




























