«Մոլիբդենի շաբաթ» շարքի երկրորդ օրը NEWS.am-ը ներկայացնում է չիլիական MolyExp խորհրդատվական ընկերության կառավարիչ - գործընկեր Պաբլո Բասկուրին: Նախկինում Բասկուրն աշխատել է պղնձի խոշորագույն համաշխարհային արտադրող, չիլիական Codelco ընկերությունում` զբաղեցնելով զուգընթաց արտադրանքի (Չիլիում, ինչպես եւ Հայաստանում մոլիբդենն ամբողջությամբ արդյունահանվում է պղնձին զուգընթաց) գծով փոխնախագահի պաշտոնը:

Երեկ մենք խոսեցինք Չինաստանում մոլիբդենի սպառման մասին: Այսօր մենք կմանրամասնենք թեման, քանի որ չինական շուկայից նորություններ սպասում են մոլիբդենի բոլոր արտադրողները: Հպանցիկ կներկայացնենք նաեւ մոլիբդենի խոշորագույն արտադրողներից մեկի` Չիլիի դերակատարությունն այդ շուկայում:

Պաբլո Բասկուրը նշում է, որ բոլոր մյուս մետաղների շուկաների նման, մոլիբդենի շուկայում եւս Չինաստանն առանցքային դեր է խաղում գնի ձեւավորման հարցում: Մոլիբդենի պահանջարկն աճում է համաշխարհային տնտեսության եւ, հատկապես, ֆիքսված կապիտալով ներդրումների աճի հետ: Դրանք մեծ ծավալ ունեն զարգացող երկրներում:

Այդուամենայնիվ, Չինաստանի դերը մոլիբդենի շուկայում տարբերվում է պղնձի կամ երկաթի շուկաներում ունեցած դերից այն բանով, որ տվյալ դեպքում Չինաստանը, լինելով խոշորագույն սպառող, նաեւ ունի զգալի ռեսուրսային բազա (մոլիբդենի համաշխարհային պաշարների 40 տոկոս) եւ արտահանող է:

«Չինաստանում մոլիբդենի ավելի քան 95 տոկոսը արդյունահանվում է որպես հիմնական արտադրանք: Այդ կերպ արդյունահանվող մոլիբդենի ինքնարժեքը, սովորաբար, ավելի բարձր է լինում պղնձի հետ որպես երկրորդային արտադրանք արդյունահանվող մոլիբդենի ինքարժեքից, ինչպես Հայաստանում»,- նկատեց Բասկուրը:

1998-2008 թվականներին Չինաստանը մոլիբդենի խոշորագույն արտահանողն էր` տարեկան մոտ 50 - 60 միլիոն ֆունտ կամ 25 հազար տոննա: Իրավիճակը կտրուկ փոխվեց 2009-ին, երբ Չինաստանը ներմուծեց մոտ 50 միլիոն ֆունտ մոլիբդեն: Բասկուրի կարծիքով, դրա պատճառը սպառումից արտադրության ետ մնալը չէր: Պարզապես, չինական ձեռնարկություններն օգտվեցին գնանկումից եւ արեւմտյան պաշարները շուկա դուրս բերելուց:   

«Իմ գնահատականով, 2009-ին Չինաստանը կուտակել է մոտ 100 միլիոն ֆունտ մոլիբդեն»,- նշեց փորձագետը:

Չինաստանում մոլիբդենի աճող սպառումին զուգընթաց աճում է նաեւ տեղական արտադրությունը: Այդ պատճառով, դժվար թե Չինաստանն առաջիկա տարիներին դառնա նետտո-ներմուծող:

«2010-ին եւ 2011-ի սկզբում չինացի գնորդները կուտակած պաշարներն իրացնելու  մտադրություն չդրսեւորեցին: Իրացումը կառաջացներ մոլիբդենի գնի անկում Արեւմուտքում: Չինաստանն այս տարի եւս կմնա արտահանող, թեեւ արտահանման դրական սալդոն ընդամենը 10-15 միլիոն ֆունտ է` զգալիորեն ցածր, քան մինչեւ 2009-ը»,- նկատեց MolyExp-ի վերլուծաբանը:

Տարվա սկզբից մոլիբդենի գինը զգալիորեն նվազել է: Եթե 2011թ. հունվարին Մետաղների լոնդոնյան բորսայում (LME) մոլիբդենի մեկ տոննան 36 հազար դոլար էր, փետրվարին` ավելի քան 38 հազար դոլար, ապա այժմ 29,5 հազար դոլար է: Բասկուրի կարծիքով, դրա պատճառը Չինաստանում ներմուծման պահանջարկի անկումը չէ. «Ամենայն հավանականությամբ, դա թելադրված է բացասական տնտեսական սպասումների պատճառով մոլիբդենի մեծ պաշարներից ազատվելու ձգտումով», - պարզաբանեց չիլիացի փորձագետը:

Բասկուրն ավելարեց, որ մոլիբդենի 2005-2008թթ. գները չեն արտացոլում շուկայի երկարաժամկետ միտումները: Հիշեցնենք, որ այն ժամանակ մեկ ֆունտ մոլիբդենի գինը հասել էր 40-45 դոլարի (մեկ տոննան` մոտ 100 հազար դոլար), այնուհետեւ 35 դոլարի սահմաններում էր:

«Նախորդ 40 տարիներին մոլիբդենի գինը միշտ տատանվել է: Եթե հիմք ընդունենք 2011-ի գնողունակությամբ ԱՄՆ դոլարը, ապա այս ժամանակահատվածի միջին տարեկան ցուցանիշը մեկ ֆունտի համար 13,6 դոլարն է, իսկ մեդիանային ցուցանիշը` 8,9 ֆունտ»,- նշեց Բասկուրը:

Փորձագետը նաեւ կապ չի տեսնում պղնձա-մոլիբդենային հանքերում արդյունահանվող մոլիբդենի առաքումների ոչ պարբերականության եւ գնի հետ: «Որպես կողմնակի արդյունք մոլիբդենի արտադրությունը զգալիորեն աճում է: Չիլիում մոլիբդենը 100 տոկոսով պղնձի հանքերի զուգընթաց արտադրանք է: Համաշխարհային մասշտաբով, զուգընթաց է արդյունահանվող մոլիբդենի 50-60 տոկոսը»,- ավելացրեց Պաբլո Բասկուրը: