Նյոնում կայացած ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդի վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը կմրցի Եվրոպայի հնգակի չեմպիոն Իսպանիայի հետ: Լուրջ դիմադրություն է սպասվում նաեւ Իտալիայի եւ Բելգիայի հավաքականներից: Անկասկած խմբի ֆավորիտն Իսպանիայի թիմն է, որը նախորդ ինը տարիներին հինգ անգամ դարձել է չեմպիոն, մեկ անգամ` փոխչեմպիոն: Բնականաբար, Հայաստանի հավաքականի համար բարդ կլինի միակ ուղեգրի համար մրցակցել իսպանացիների հետ, սակայն նույնը վերաբերում է նաեւ Իտալիային ու Բելգիային:
Նշենք, որ որակավորման փուլում Բելգիայի հավաքականը գրավեց առաջին տեղը` հաղթելով Ուելսի եւ Շոտլանդիայի հավաքականներին եւ ոչ ոքի խաղալով սլովենացիների հետ:
Իսկ Իտալիան դժվարությամբ դուրս եկավ էլիտ-ռաունդ` խմբում գրավելով երկրորդ տեղը: Իտալացիները հաղթեցին Ադրբեջանին, սակայն պարտվեցին Ռումինիային եւ ոչ ոքի խաղացին շվեդների հետ:
Հայաստանի հավաքականը որակավորման փուլում հաղթեց Սլովակիայի եւ Անդորայի թիմներին, պարտվեց հույներին:
Անկասկած, շատ բարդ է լինելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը: Դրա համար անհրաժեշտ է շրջանցել իսպանացիներին:
Հիշեցնենք, որ 2012թ. գարնանը կայանալիք էլիտ-ռաունդը բաղկացած է յոթ փոքր մրցաշարերից` յուրաքանչյուրում չորս մասնակից: Խմբերի յոթ հաղթողները կմիանան առաջնության եզրափակիչ փուլի կազմակերպիչ Էստոնիային:



























