Նոր Զելանդիայի լճերը, լեռները, հեծանվային արահետները և գինեգործարաններն այժմ ավելի թանկ կարժենան, քանի որ երկիրը, ըստ CNN-ի՝ հոկտեմբերի 1-ից բարձրացնում է պահպանության և զբոսաշրջության միջազգային տուրքը (IVL) նորզելանդական 35 դոլարից (22 ԱՄՆ դոլար) հասցնելով մինչև 100 նորզելանդական դոլար (62 ԱՄՆ դոլար):
«Միջազգային զբոսաշրջությունը նաև ծախսեր է առաջացնում տեղական համայնքների վրա, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունը և ավելացնում է մեր արգելոցների շահագործման և սպասարկման ծախսերը», -ընդգծել է Նոր Զելանդիայի հյուրընկալության և զբոսաշրջության նախարար Մեթ Դուսին, որն էլ հայտարարել է նորարարության մասին:
Զբոսաշրջության միջազգային տուրքը, որը ներդրվել է 2019 թվականին, նախատեսված է երկրում բնապահպանական ծախսերը հոգալու համար։
Դուսին հայտնել է, որ միջազգային զբոսաշրջիկները 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի մարտը Նոր Զելանդիայում ավելի քան 11 միլիարդ դոլար են ծախսել:
Ընդսմին թանկացումներից ոչ բոլորն են գոհ:
Ամբողջ երկրի Tourism Industry Aotearoa-ն (TIA)՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետների կոնսորցիումը քննադատել է որոշումը:
«Նոր Զելանդիայի զբոսաշրջության վերականգնումը հետ է մնում մնացած աշխարհից, և դա էլ ավելի կխաթարի մեր գլոբալ մրցունակությունը», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Կազմակերպությունում համոզված են, որ Նոր Զելանդիան կկորցնի զբոսաշրջիկներին, որոնք հիմա արդեն կմեկնեն Կանադա և Մեծ Բրիտանիա, որտեղ ավելի շատ չվերթներ կան, և որտեղ մուտքի վճարներն այդքան բարձր չեն:




























