Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 630 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայաններ։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, սեպտեմբերի 4-ին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Դա, նրա խոսքով, բավական մեծ թիվ է։ «Օրինակ, վերջին օրերին էլեկտրաէներգիայի ցերեկային սպառումը տատանվում է 830-850 ՄՎՏ-ի սահմաններում։ Ընդ որում՝ արեւային կայաններում արտադրվում է 530 ՄՎտ»,- նշել է Վարդանյանը։

Մյուս կողմից՝ փոխնախարարը դա բավական լավ ցուցանիշ է համարել, սակայն, մյուս կողմից նշել է, որ իրենց համար մեծ խնդիր է կարգավորումը երեկոյան ժամերին։ Այնուամենանիվ, կառավարության ներկայացուցչի հավաստիացմամբ, այդ հարցերի լուծման աշխատանքներ իրականացվում են։