«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր չէ Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») հետ հարցերը պարզել իրավական հարթության մեջ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով խորհրդարանի երեկվա նիստում Առաքել Մովսիսյանի պահվածքը: Վերջինս «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ասել էր. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ», իսկ վերջինս նրան պատասխանել էր «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր»:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ սա Առաքել Մովսիսյանի հետ կապված առաջին դեպքը չէ: Նախորդ անգամ նա նապարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել «Ժառանգության» մեկ այլ պատգամավորի` Զարուհի Փոստանջյանի հասցեին, ով այդ առնչությամբ դիմել էր դատախազություն: «Հաշվի առնելով, որ նախորդ անգամ Զարուհի Փոստանջյանի դիմումն անպատասխան էր մնացել, մենք չենք ցանկանում ժամանակ ծախսել, որպեսզի կրկին համոզվենք, որհանրապետական պատգամավորը ոչ միայն անձեռնմխելի է, այլ նաեւ սրբորեն պաշտպանվում է պետության եւ պետական կառույցների կողմից»,-ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով, «Ժառանգությունն» այդ հարցում հետեւողական է լինելու, բայց մտադիր չէ խնդիրը լուծել իրավական հարթությունում: Սաֆարյանը նաեւ ընդգծեց, որ «Հայաստանի դատարանները տուգանում են ոչ հայհոյող պատգամավորներին, այլ քննադատող թերթերին»:
«Ես շատ կցանկանայի, որպեսզի, ծայրահեղ դեպքում, նրա փոխարեն ներողություն խնդրեին նրա գործընկերները: Ներողություն պետք է խնդրի նաեւ խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը ոչ միայն իր անզորության, այլ նաեւ բոլոր թույլատրելի սահմաններն անցելու համար: Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ խորհրդարանը խուլիգանական վարքի վայր չէ: Դրա համար ես դիմել եմ Սամվել Նիկոյանին, պահանջելով նրանից ու մյուսներից, կողմնորոշվել, արդյոք սա խորհրդարա՞ն է, աշխատավայր, թե՞ իրենց հայտնի այլ հաստատություն»,-հավելեց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նիստերի դահլիճում նոյեմբերի 30-ին կրքերը թեժացել են: Վարկային փոխառության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նիստերի դահլիճ է հրավիրել ԱԺ շենքում գտնվող բոլոր հանրապետական պատգամավորներին` քվեարկությունները կազմակերպելու համար, սակայն փոքր-ինչ ուշացրել է քվեարկություն կազմակերպելը, ինչի պատճառով ԱԺ դահլիճում իսկական ժխոր է առաջացել, հանրապետականները բացարձակապես չեն ենթարկվել Նիկոյանին, ով հուսահատ ջանքեր է գործադրել իր կուսակիցներին կարգի հրավիրելու համար: Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին կրքերը հասել են գագաթնակետին, եւ «Ժառանգության» պատգամավորը ստիպված է եղել մի պահ ընդհատել ելույթը: Դա զայրացրել է «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է հանրապետական պատգամավորին. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում» արտահայտությամբ: Մովսիսյանին կարգի է հրավիրել նաեւ Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական պատգամավորը դրանից հետո լքել էր նիստերի դահլիճը:




























