Մինչ քաղաքապետարանը հաստատի ինքնագլորների կայանման վայրերի ցանկը, ինքնագլորներն անընդհատ քաոտիկ պտտվում են և՛ մայթերին, և՛ մայթերից դուրս, վերահսկողությունը ծավալուն խնդիր է նաև ոստիկանության համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ցանկը չունենք, այն պետք է մշակի Երևանի քաղաքապետարանը և ներկայացնի ավագանու որոշմանը»,-նշեց ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանը։
Արձագանքելով, Անդրանիկ Քոչարյանը նախ նկատեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ ինքնագլորները մտել են մեր կյանք, ապա շարունակեց. «Ինքնագլորները շարունակում են դաժանաբար խախտել բոլոր հնարավոր շարժումները մայթերին և դրանից դուրս։ Կարևոր է, որ սկսենք ինչ-որ կարգավորումից և տեսնենք, թե ուր ենք հասնում»։
Փոխնախարարն ասաց, որ ոլորտը կանոնակարգված չի, հետևաբար առաջացել է անհրաժեշտություն սահմանելու անհատական տեղափոխման միջոցների երթևեկության կանոնները, սահմանելու խախտումների դեպքում առաջացող հետևանքները։





























