Հայաստանի խորհրդարանի կողմից օրերս երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որ ստացել է «շքեղության հարկ» անվանումը, թերի է եւ տարածվում է միայն թանկարժեք ավտոմեքենաների վրա, մինչդեռ պետք է տարածվեր նաեւ անշարժ գույքի եւ այլ նյութական միջոցների վրա:

Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մեկուկես տարի առաջ օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «ՀՀ օրենքի նախագիծը շքեղության հարկի մասին», որտեղ ամրագրված էր, թե որոնք են շքեղության հարկման օբյեկտները: Դրանց թվում են առանձնատները, խոշոր հողամասերը, մեծ բնակարանները, ավտոմեքենաները, թանկարժեք նկարների եւ քանդակների հավաքածուները, ոսկյա զարդերը, դրամական միջոցները եւ այլն: «Ես ուսումնասիրել եմ աշխարհի տարբեր երկրների փորձը եւ, ըստ էության, կառավարությունն առաջարկել է համատեղ աշխատել: Այժմ կառավարությունն անդրադարձել է ընդամենը մեկ ֆրագմենտի` շքեղ ավտոմեքենաներին:

Ընդ որում, իմ ներկայացրած նախագծում շքեղ համարվում են այն ավտոմեքենաները, որոնց արժեքը սկսվում է 30 հազար դոլարից, իսկ կառավարության նախագծում` 100 հազար դոլարից (օրենքում սահմանված է 30 մլն դրամ-խմբ.), ինչն ինձ համար անընդունելի է»,- նշեց Դալլաքյանը` մանրամասնելով. «Օրինակ Ավստրալիայում շքեղ ավտոմեքենա համարվում է 57 հազար դոլար արժողությամբ մեքենան, եւ ես չեմ կարծում, թե Հայաստանն իր կենսամակարդակով ավելի բարձր է, քան`Ավստրալիան: Այսինքն, պետք էր սկսել 30 հազար դոլարից եւ համապատասխան գրադացիա լիներ, որքան մեքենաների արժեքն ավելանար, այնքան տոկոսներն ավելանային զուգահեռաբար: Հայաստանում 100 հազար դոլար արժողությամբ շատ քիչ ավտոմեքենաներ կարող են լինել, իսկ 30 հազարից սկսելը շատ ճիշտ է: Նորից կրկնեմ, խնդիրը պետք է լուծել սկզբունքորեն, այսինքն շքեղության հարկի օբյեկտների ցանկը պետք է լինեն ոչ միայն ավտոմեքենաները, այլեւ իմ թվարկած բոլոր միջոցները»:

Վիկտոր Դալլաքյանը կառավարությանը նաեւ հարցապնդում է արել շքեղության հարկի վերաբերյալ, եւ կառավարությունը խոստացել է 2012-ից սկսած անդրադառնալ նաեւ անշարժ գույքին:

Հարցին, թե շքեղության հարկ վճարողներն արդյոք անհավասար դրության մեջ չե՞ն հայտնվի նմանատիպ մեքենա ունեցողներից, որոնք, ըստ օրենքի հարկ չեն վճարելու, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ հարցադրման հետ, որ որոշակի անհամամասնություն կարող է լինել: Իհարկե նման մտահոգությունը տեղին է»:

Նշենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջարկվող փոփոխություններով, 20 տոկոս մաքսային արժեք են վճարելու 30 մլն. դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4000 սմ3 եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների սեփականատերերը:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2012թ. հունվարի 1-ից, եւ մինչ այդ գնված մեքենաները չեն հարկվելու: Պատգամավորը մտավախություն ունի, որ մինչ այդ ժամկետը, այսինքն մեկ ամսում Հայաստանում թանկարժեք մեքենաների բում է սկսվելու:

Համենայն դեպս, Վիկտոր Դալլաքյանը, ամփոփելով իր խոսքը, մի առաջարկ արեց. «Առաջարկում եմ, որ շքեղության հարկից առաջացած միջոցները օգտագործվեն բացառապես կենսաթոշակների, զանազան նպաստների, անապահով խավերի բուժօգնության, ծնելիության խթանման ծրագրերի համար, այլ ոչ թե այդ միջոցներով կառավարության անդամները պետական, շքեղ մեքենաներ գնեն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե կառավարությունն «շքեղության հարկից» ակնկալում է տարեկան մոտ 1 մլրդ դրամի եկամուտ ունենալ: Նրա խոսքով` «մի քանի հազար» նման մեքենա կա հանրապետությունում:

Ըստ մաքսային վիճակագրության` Հայաստանը մինչ ճգնաժամը (2007-8 թ.թ.) տարեկան 30 հազար դոլարից ավելի արժողությամբ 1800-2000 մեքենա էր ներմուծում: Ճգնաժամից հետո` 2009-10 թվականներին այդ թիվը նվազեց մինչեւ 1000-1100 մեքենա, իսկ այս տարվա 9 ամիսներին արդեն ներմուծվել է 1112 թանկարժեք մեքենա:

Ըստ դիտարկումների` ներմուծված թանկարժեք մեքենաների միայն 10 տոկոսից պակասն է, որ ունի 90 հազար եւ ավելի դոլար արժողություն: Եթե ի մի բերենք վերջին 10 տարիներին ներմուծված թանկարժեք մեքենաների վիճակագրությունը, ապա Հայաստանում 1000-ից ավելի 90 հազար դոլարից թանկ արժեցող մեքենա չի ներմուծվել, ու բնականաբար` դրանց զգալի մասն արդեն իսկ 2 տարուց ավելի հնություն ունի:

Հարկ է նշել, որ հարկման ենթակա է ոչ թե շքեղ մեքենան ինքնին, այլ դրա ներմուծումը (այսինքն` հարկը կիրառվելու է միայն 1 անգամ, ոչ թե շարունակաբար): Այսպիսով` լավագույն դեպքում խոսք կարող է գնալ տարեկան 100-150 մեքենայի հարկման մասին, որը բյուջեին կբերի 2-3 միլիոն դոլարի եկամուտ: