Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւան այսօր` դեկտեմբերի 2-ին Երեւանում Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:

Ըստ այդմ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակը կօժանդակի էկոնոմիկայի նախարարությանը կադրերի վերապատրաստման հարցում: Այն ենթադրում է նաեւ եվրոպական երկրների համանման կառույցներում էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների ստաժավորում:

Ըստ Տ. Դավթյանի` էկոնոմիկայի նախարարությունը միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում կարիք ունի լավ պատրաստված կադրերի, որոնք ընդունակ են «հավասարը հավասարի հետ բանակցելու»: Առաջին հերթին դա վերաբերում է Եվրամիության հետ Ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի նախապատրաստմանը, Համաշխարհային բանկի, Ասիական Զարգացման բանկի, Եվրոպական բանկի, Առեւտրի Համաշխարհային կազմակերպության հետ հարաբերություններին:

Դ. Գեռչեւան ասաց, որ UNDP-ն արդեն 20 տարի է ` արդյունավետ համագործակցում է Հայաստանի կառավարության հետ, իսկ այս հուշագիրը «հզոր եւ ռազմավարական գործընկերության ուղղությամբ» եւս մեկ քայլ է: