Չինաստանը, որը ստանձնել է Շանհայի համագործակցության կազմակերպության 2024-2025թթ. նախագահությունը, նախատեսում է ավելի քան 100 միջոցառումներ եւ հանդիպումներ անցկացնել՝ քաղաքական, անվտանգային, հումանիտար, տնտեսական թեմաներով։ Ինչպես հայտնում է Պեկինում NEWS.am-ի թղթակիցը՝ այդ մասին Չինաստանի ԱԳՆ-ում սեպտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդունը։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ՇՀԿ հիմնադիր անդամ Չինաստանը կազմակերպությունը մշտապես որպես դիվանագիտական առաջնահերթություն է ընդունել։
Նրա խոսքով՝ Չինաստանը կօգտվի նախագահության ընձեռած հնարավորություններից և կաշխատի ՇՀԿ երկրների հետ՝ գլոբալ նախաձեռնությունների իրականացան, կայուն խաղաղության, աշխարհի ընդհանուր բարգավաճման գործում դրական ներդրում ունենալու ուղղությամբ։
Անդրադառնալով 2025 թվականին Չինաստանում սպասվող՝ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ Սուն Վեյդունը նշել է, որ այն Չինաստանի նախագահության հիմնական իրադարձությունն է։ Նրա խոսքով՝ Պեկինն ակնկալում է բարեկամական մթնոլորտում անցկացնել արդյունավետ գագաթնաժողով՝ կոնսենսուսի ձեւավորման և զարգացման պլանի մշակման նպատակով։
Սուն Վեյդոնգը ներկայացրել է, թե որպես նախագահող երկիր՝ ինչպիսի առաջնահերթություններ է Չինաստանն առաջարկում սահմանել կազմակերպության աշխատանքներում։
Առաջինը՝ կենտրոնանալ «ՇՀԿ կայուն զարգացման տարի» կոնցեպտի վրա։ Այդ նպատակով Չինաստանը կիրականացնի մի շարք նախաձեռնություններ նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված՝ Գլոբալ զարգացման նախաձեռնության ութ առանցքային ոլորտներում՝ ներառյալ աղքատության կրճատումը, պարենային անվտանգությունը, առողջապահությունը, զարգացման ֆինանսավորումը, կլիմայի փոփոխությունը և կանաչ զարգացումը, արդյունաբերականացումը, թվային տնտեսությունը և այլն:
Երկրորդ առաջանահերթությունն է երկու կարևոր փաստաթուղթերի ձեւակերպումը։ Չինաստանն առաջարկում է հռչակագիր ընդունել, որը կարտահայտի անդամ երկրների միասնական դիրքորոշումը միջազգային և տարածաշրջանային հիմնական խնդիրների վերաբերյալ։ Միաժամանակ՝ կոնսենսուսի հիման վրա կձևակերպվի ՇՀԿ հաջորդ փուլի զարգացման ռազմավարությունը։
Երրորդ առաջնահերթությունը, որը Չինաստանն առաջարկում է սահմանել աշխատանքում՝ հստակ գործողություններով խթանելն է «Առաջ տանելով Շանհայի ոգին. ՇՀԿ-ն գործողության մեջ» կարգախոսը։
Այսպիսով, ինչպես փոխարտգործնախարար Սուն Վեյդունն է նշել, Չինաստանը «գործողությունը» կդարձնի իր նախագահության հիմնաբառը։ Նրա խոսքով Չինաստանը ձգտում է ավելի խորացնել գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, բարձրացնել քաղաքական փոխվստահությունը, պաշտպանել ընդհանուր անվտանգությունը, նպաստել ընդհանուր բարգավաճմանը, ինչպես նաեւ ամրապնդել մարդկանց միջև փոխանակումները։
Նշենք, որ Հայաստանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի , իսկ այս տարի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Հայաստանը դիմում է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդ երկիր դառնալու համար:





























