Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 2-ին հրապարակել է սուրճի շուկայում իրականացրած վարույթի արդյունքները: Հինգ ընկերություններ տուգանվել են 5-ական մլն դրամով: Դրանք են. «Ֆեռո» («Ֆեռո» ապրանքանիշ), «Վալետտա» («Պրեմիեր» ապրանքանիշ), «Բյուրակն» («Պիրամիդ Էլիտ» ապրանքանիշ) «Վանս գրուպ» («Սթար» ապրանքանիշ), «Ասկոլիո» («Մարսել» ապրանքանիշ):
Բոլոր այս սուրճերը վաճառվում են «հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի» մակնշումով:
Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ սուրճերը պարունակում են կողմնակի խառնուրդներ: Ըստ փորձագետների` դրանք կարող են լինել ցորեն, գարի եւ կաղին:
Ըստ ՏՄՊՊՀ հաղորդագրության` նշված ընկերությունները խաբում եւ մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ առողջության համար կասկածելի արտադրանք:
Հանձնաժողովի դիտարկմամբ` վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով: Սա բնորոշվել է որպես անբարեխիղճ մրցակցություն:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսվարողները փորձում են սպառողին մոլորեցնել: Հիշենք թեկուզ վերջին դեպքը, երբ կարագի անվան տակ սփրեդ էին վաճառում: Այն ժամանակ խախտողներին տուգանեցին 3-ական մլն դրամով, այս անգամ տուգանքն ավելի խիստ էր` 5 մլն դրամ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տարբեր ապրանքային շուկաներում որոշ տնտեսվարողներ դրսեւեորում են նույն անբարեխիղճ վարքագիծը: Դա ստիպում է Հանձնաժողովին` խստացնել տուգանքները` չսպասելով այդ շուկայում կրկնակի խախտման բացահայտմանը: Պատժաչափի խստացումը, ըստ Ա. Շաբոյանի, պետք է դաս լինի բոլոր այն տնտեսվարողների համար, որոնք փորձում են կեղծարարությունների դիմել:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները պարզել են նաեւ, որ թեեւ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար: Որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն, սպառողին վաճառվում է կոֆեինազրկված եւ անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակության չափից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլ նաեւ գինը: Եվրոպական երկրներում եւ Ռուսաստանի Դաշնությունում այս խնդիրը հստակ կանոնակարգված է`արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է: Հայաստանում այս խնդիրը դեռեւս կանոնակարգված չէ, այսինքն`տնտեսվարողը հարկ չի համարում սպառողին տեղեկացնել, թե ինչ սուրճ է նրան վաճառում: Հանձնաժողովը կդիմի ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը` այս հարցը կանոնակարգելու համար:
Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը հսկիչ գնումը կատարել է խոշոր սուպերմարկետներից: Քանի որ սուրճի շուկայում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ապա գնվել եւ փորձաքննության է հանձնվել որոշակի գնային շեմից ցածր` համեմատաբար էժան արժեք ունեցող սուրճը:
Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկի նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին, քանի որ գործ ունենք տնտեսվարողների կողմից թույլ տրված ակնհայտ կեղծարարության փաստի հետ:



























