ՄԱԿ-ը զգալիորեն նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումներն առաջիկա երկու տարվա համար:

ՄԱԿ-ի հրապարակված «Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները 2012 թվականին» զեկույցում եկող տարվա համար կանխատեսված է 2,6 տոկոս աճ, իսկ 2013-ին` 3,2 տոկոս աճ: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին համաշխարհային տնտեսությունն աճել է 4 տոկոսով:

Ընդ որում, ՄԱԿ-ի տնտեսագետները նշում են, որ այս սցենարը կազմվել է «իրադարձությունների հաջող զարգացումը» հաշվի առնելով: «Հաջող զարգացման» ասելով մասնագետները նկատի ունեն եվրագոտում պարտքային ճգնաժամի հաղթահարումն ու զարգացող երկրներում բյուջետային խիստ տնտեսման հետագա քայլերի դադարեցումը:

Համաշխարհային տնտեսության գլխավոր շարժիչ ուժը մնում են զարգացած եւ անցումային տնտեսություն ունեցող երկրները, որտեղ 2012-ին ՀՆԱ աճը կկազմի 5,4 տոկոս, իսկ 2013-ին` 5,8 տոկոս:

Զարգացման ամենամեծ տեմպը կրկին կնկատվի Չինաստանում, որտեղ ՀՆԱ-ն 2012-ին կաճի 8,7 տոկոսով, իսկ 2013-ին` 8,5 տոկոսով: Հնդկաստանում ՀՆԱ աճը 2012-ին կկազմի 7,7, իսկ 2013-ին` 7,9 տոկոս:

ԱՄՆ-ում ՀՆԱ աճը 2012-ին կկազմի 1,5 տոկոս, իսկ 2013-ին` 2 տոկոս: Ճապոնիայում ՀՆԱ աճի տեմպը 2012-ին եւ 2013-ին կազմի 2-ական տոկոս:

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ-երկրներին, այստեղ ՀՆԱ աճը 2012-2013 թվականներին կկազմի համապատասխանաբար 0,7 եւ 1,7 տոկոս, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: