Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն 3 օր է՝ դպրոց չեն հաճախում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին գյուղի բնակիչները։

«Բագարան գյուղի դպրոցը ուզում են փակել, աշակերտներին տեղափոխել կողքի Երվանդաշատ գյուղում կառուցվող նոր դպրոց։ Խնդիրն այն է, որ նոր դպրոցը Բագարանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, երեխաներն ինչպե՞ս են գնալու»,–ասացին գյուղի բնակիչները։

Բագարանի բնակիչները դեմ են երեխաներին այլ գյուղում դպրոց ուղարկելուն, այդ պատճառով՝ ի նշան բողոքի,  արդեն 3 օր է՝ երեխաներին դպրոց չեն ուղարկում։

«Զարմանալի է նաև այն, որ մեր գյուղի դպրոցում 100 աշակերտ է սովորում, Երվանդաշատի դպրոցում՝ 50։ Ինչո՞ւ պիտի մեր դպրոցը միանա 50 աշակերտ ունեցող դպրոցին»,–հայտնեցին բնակիչները՝ նշելով, որ նոր դպրոցի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։