«Մոլիբդենի շաբաթի» երրորդ օրը NEWS.am-ի զրուցակիցը բրիտանական Roskill Information Services վերլուծական-խորհրդատվական ընկերության պողպատե ձուլվածքների գծով մենեջեր Խայամ Ջահանգիրն է: Կիզակետում դարձյալ Չինաստանն է: Մենք կշարունակենք 2008-2009թթ. շուկայի անկման թեման: Այդ ժամանակահատվածում չաշխատեց, նույնիսկ, չինական տնտեսության ամենահուսալի հաղթաթղթերից մեկը` ցածր ինքնարժեքը: Մասնավորպաես, Ուկրաինայում չինական մոլիբդենային արտադրանքն այժմ եւս գնով տանուլ է տալիս հայկականին… Բայց այդ մասին կխոսենք «շաբաթվա» ավարտին:

«Մոլիբդենի համաշխարհային շուկայի 2008-2009թթ. անկումից հետո մոլիբդենի օքսիդի գինը ընկել էր 9 դոլարից ցածր մեկ ֆունտի համար (մեկ տոննան` 20 հազար դոլար): Դրա հետեւանքով շատ չինացի արտադրողների, մասնավորապես, Հուլուդաո շրջանի արտադրողների արտադրանքի ինքնարժեքը գերազանցել էր շուկայական գինը: Արդյունքում` այդ փուլում կտրուկ աճեց մոլիբդենի ներմուծումը Չինաստան»,- պարզաբանում է Ջահանգիրը:

Նկատենք, որ ԱՄՆ Երկրաբանական հետախուզման ծառայության (USGS) տվյալներով, 2000-ականների սկզբում Հուլուդաո տարածաշրջանը տալիս էր Չինաստանի արտադրած մոլիբդենի խտանյութի 30 տոկոսը: Այլ տվյալներով, Huludao Lianshan ընկերությունը Չինաստանի երեք խոշորագույն արտադրողներից մեկն է:

Նշենք, որ 2002-ին Եվրամիությունում դիտավորյալ նվազեցրած համարեցին չինական ֆեռոմոլիբդենի գինը եւ սահմանեցին հակադեմպինգային մաքսատուրք:

Մեկնաբանելով այն փաստը, որ 2011-ին մոլիբդենի չինական արտահանումը գերազանցեց ներմուծումը` Ջահանգիրը նկատեց, որ դա կարող է կապված լինել ավելի վաղ չինական շուկայում կուտակված պաշարների հետ: Իսկ 2011-ի սկզբում մոլիբդենի գնի անկումը վերլուծաբանը պայմանավորում է թույլ համաշխարհային տնտեսությամբ եւ մոլիբդենի պահանջարկի անկումով:

«Ես չէի ակնկալի գնի զգալի փոփոխություններ 2012-ին: Հնարավոր է` որոշակի դինամիկա սկսվի հաջորդ տարվա երկրորդ կեսից», - կարծում է Roskill-ի փորձագետը:

Հիշեցնենք, որ 2011թ. սկզբում Մետաղների լոնդոնյան բորսայում (LME) մեկ տոննա մոլիբդենի գինը 36 հազար դոլար էր, սակայն հունիսին եւ աշնան սկզբում կտրուկ նվազեց, իսկ այժմ տատանվում է 29,5 հազար դոլարի սահմաններում:

Այդուամենայնիվ, եվրոգոտու պարտքի հիմնախնդիրները ազդում են ապրանքային շուկաների վրա: Եվրոգոտու խնդիրների լուծումը կարող է դրական անդրադառնալ շուկայական կոնյունկտուրայի վրա, հայտարարեց վերլուծաբանը: