Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ռոբերտ Էնկեի ինքնասպանությունը ցնցել է ոչ միայն գերմանացի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին, այլեւ՝ ողջ երկիրը:

Ինչես հաղորդում է DW-world.de-ն, անմիջապես հետաձգվել է առաջին Բունդեսլիգայի «Հաննովեր-96» թիմի հանդիպումը, որի կազմում հանդես էր գալիս Էնկեն: Հաջորդ օրը նախատեսված Գերմանիայի հավաքականի մարզումները եւս չեղյալ են հայտարարվել: Սպասվում էր, որ Էնկեն է պաշտպանելու գերմանական ընտրանու դարպասը ՀԱՀ-ում 2010թ. կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ վկայակոչելով Հաննովերի ոստիկանության մամուլի քարտուղար Շտեֆան Վիտկեին, 32-ամյա դարպասապահը ինքնասպանությունից առաջ նամակ է թողել, սակայն նա հրաժարվել է հրապարակել դրա բովանդակությունը եւ գտնվելու վայրը:

Երեք տարի առաջ սրտի հիվանդությունից մահացել էր Էնկեի երկամյա դուստրը, եւ ֆուտբոլիստն այդպես էլ չէր կարողացել վերականգնվել վշտից:

Վերջին շրջանում նա տառապում էր սուր աղիքային վարակից: Դրա պատճառով նա մի քանի շաբաթ ստիպված էր հեռանալ սպորտային կյանքից, սակայն անցած շաբաթավերջին կրկին պաշտպանում էր «Հաննովեր-96»-ի դարպասը: Նրա հիվանդության պատճառով դարպասին հայտնվելու ավելի մեծ շանսեր էր ստացել հավաքականի մյուս դարպասապահը՝ Ռենե Ադլերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռոբերտ Էնկեն ինքնասպանություն էր գործել՝ նոյեմբերի 10-ին իրեն նետելով գնացքի տակ: Միջադեպը տեղի էր ունեցել Հաննովերի մերձակա Նոյշտադտ-ամ-Ռյուբենբերգե քաղաքի երկաթգծի կայարանում: