Գերմանիան երկու պայմանագիր կկնքի Ղազախստանից նավթի ներկրման ավելացման համար Շվեդտում Բեռլինի գլխավոր նավթավերամշակման գործարանի համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և Ուզբեկստան, քանի որ Բեռլինը Ուկրաինայի պատերազմի պատճառով նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:
Առաջին համաձայնագրի համաձայն, մինչև 2025 թվականի վերջն ապահովվելու է 100 հազար տոննա ծավալով հում նավթի ամսական մատակարարումներ, իսկ երկրորդ պայմանագրով նախատեսվում է ամսական մինչև 50 հազար տոննա մատակարարում։ PCK Schwedt նավթավերամշակման գործարանն արդեն երեք ամիս է, ինչ գնում է այդ լրացուցիչ ծավալները, սակայն դրանք այժմ կամրագրվեն պայմանագրով։ Ղազախական նավթի ներմուծումը թույլ է տվել Schwedt նավթավերամշակման գործարանին շարունակել գործունեությունը ռուսական նավթի մատակարարումների կտրուկ կրճատումից հետո՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրամիության պատժամիջոցների պատճառով:
Ռուսական «Ռոսնեֆտ»-ի գերմանական «Ռոսնեֆտ դոյչլանդ» դուստր ընկերության ներկայացուցիչները, որը Բեռլինն անցյալ տարի վերցրել է հսկողության տակ, պայմանագիրը կստորագրեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
2023 թվականին Ղազախստանը Գերմանիա է արտահանել 8,5 միլիոն տոննա նավթ, ինչը կազմում է Գերմանիայի նավթի ընդհանուր ներմուծման 11,7 տոկոսը՝ ուկրաինական պատերազմից առաջ մոտ 6,5 միլիոն տոննայի դիմաց։ Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, թռիչքը Ղազախստանը դարձրել է Գերմանիայի երրորդ խոշոր մատակարարը Նորվեգիայից և ԱՄՆ-ից հետո:





























