Բրյուսելում Audi ավտոմոբիլային գործարանի փակման սպառնալիքի պատճառով հազարավոր ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Ոստիկանությունը հայտնել է 5500 ցուցարարների մասին, մինչդեռ արհմիությունների գնահատմամբ փողոց է դուրս եկել ավելի քան 10 հազար մարդ:
Ավելի վաղ գերմանական Volkswagen ավտոարտադրողը հայտարարել էր, որ ըստ ամենայնի Բելգիայում իր դուստր ձեռնարկության Audi-ի արտադրությունը կկրճատի։ Ըստ The Brussels Times պարբերականի՝ Audi-ն անցյալ շաբաթ հաստատել է, որ Բրյուսելում այլևս չի նախատեսվում երկարաժամկետ արտադրություն:
«Մեր կյանքը հոսքագիծ չէ»,- գրված է ակցիային մասնակցած գործարանի աշխատակիցներից մեկի ցուցապաստառի վրա։
«Մի քանի շաբաթից կմնանք առանց աշխատանքի, առանց փողի և առանց հեռանկարի», - Ֆրանսպրեսի հետ զրույցում պարզաբանել է Audi-ի աշխատակիցը, որը նախընտրել է անանուն մնալ: Իր հերթին արհմիությունների ներկայացուցիչները քննադատել են ոչ միայն կոնցեռնի ղեկավարությանը, այլև Եվրամիության իշխանություններին՝ կոչ անելով ԵՄ արդյունաբերության մեջ միլիարդավոր եվրոների ներդրումներ անել։
Ցուցարարներին են միացել Գերմանիայի խոշորագույն արհմիություններից մեկի՝ IG Metall-ի անդամները, ինչպես նաև Ֆրանսիայի, Լեհաստանի և Նիդեռլանդների արհեստակցական միություններից ներկայացուցիչներ։ Բելգիական արհմիությունները մտավախություն ունեն, որ գործարանի փակումը Բրյուսելում շուրջ 3000 աշխատատեղերի կորստի կհանգեցնի:
Ավելի վաղ Volkswagen ավտոկոնցեռնը չէր բացառում գործարանների փակումը և աշխատակիցների կրճատումը 2023 թվականին ընդունված խնայողությունների ծրագրի շրջանակում, ներառյալ՝ Գերմանիայում։ Ընկերության ղեկավարությունն առաջարկել է փակել Գերմանիայում առնվազն մեկ ավտոմոբիլների արտադրության և մեկ պահեստամասերի գործարան։ Այս ծրագրերի իրագործումը կնշանակի, որ Volkswagen Group-ը իր հիմնադրումից 87 տարի անց առաջին անգամ Գերմանիայում կփակի գործարանը։





























