Միջին աշխատավարձը հոկտեմբերի դրությամբ Վրաստանում ամսական 680 լարի է (մոտ 156 հազ. դրամ), իսկ Հայաստանում` 114 հազ. դրամ: Այդ մասին տեղեկացնում են 2 երկրների վիճակագրական ծառայությունները:

Սակայն աշխատավարձի հետ կապված համամասնությունները 2 երկրներում զգալի տարբերվում են: Այսպես` Հայաստանում բանկային աշխատողների աշխատավարձերը զգալիորեն գերազանցում են Վրաստանի համանման ցուցանիշին: Հայաստանում առեւտրային բանկերի աշխատակիցների միջին աշխատավարձը մոտ 530 հազ. դրամ է, Վրաստանում` 1477 լարի, որը համարժեք է 340 հազ. դրամին: Հայկական բանկերում աշխատավարձը 1.5 անգամ բարձր է, քան վրացական բանկերում:

Երկու երկրներում էլ ամենացածր աշխատավարձ ստանում են կրթության եւ գյուղատնտեսության ոլորտի աշխատողները: Հայաստանում կրթության ոլորտի միջին ամսական աշխատավարձը 77.5 հազ. դրամ է, Վրաստանում` 323 լարի (74.1 հազ. դրամ): Մոտավորապես նույն պատկերն է գյուղատնտեսության մասով:

Վրաստանի միջին աշխատավարձի աճին էապես նպաստել է պետական ապարատի աշխատավարձերի աճը` վերջին 5 տարվա ընթացքում մոտ 2.5 անգամ: Ներկայում պետական չինովնիկների միջին աշխատավարձը Վրաստանում 1047 լարի է կամ 240 հազ. դրամ, այնինչ Հայաստանում այդ ցուցանիշը դեռեւս 120 հազ. դրամի սահմաններում է: Այսինքն` Վրաստանում քաղաքացիական ծառայողը 2 անգամ բարձր է վարձատրվում, քան Հայաստանում:

 

Սամվել Ավագյան