Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականները: Նոյեմբերի 28-29-ին Պրահայում այս երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչները հաստատեցին ընտրական մրցաշարի հանդիպումների օրացույցը: Չեխիայում մայրաքաղաքում Հայաստանը ներկայացնում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վարդան Մինասյանի հետ:
Պարոն Մինասյան, դուք գո՞հ եք հաստատված օրացույցից:
Պրահա մեկնելուց առաջ ես ունեի երեք տարբերակներ, որոնք հարմար կլինեին մեր թիմի համար: Կարող եմ ասել, որ հաստատված տարբերակը 90 տոկոսով համընկնում է իմ տարբերակներից մեկի հետ: Այնպես որ, օրացույցից ես գոհ եմ: Շատ կարեւոր է առաջին հանդիպումը: Մենք մեկնարկում ենք խմբի ոչ ամենաուժեղ հավաքականի հետ խաղով:
Նաեւ նկատի ունեք, որ որակազրկման պատճառով բացակայելու է Ռոման Բերեզովսկին:
Դա եւս: Պարզ է, որ Բերեզովսկին չի լինի եւ քիչ կարեւոր չէ, թե որ թիմի հարձակման դեմ ենք խաղալու:
Իսկ դարպասապահի փոխարինման մասին դուք արդեն մտածո՞ւմ եք:
Այդ հարցի վերաբերյալ մենք ստիպված ենք լինելու մտածել ինն ամիս, մինչեւ հանդիպումը: Թեկնածուների ցուցակն այժմ չեմ ուզում հրապարակել: Ասեմ, որ մենք կհետեւենք մեր բոլոր դարպասապահների խաղին Հայաստանում եւ արտասահմանում: Բացի այդ Հայաստանի հավաքականը կունենա ընկերական հանդիպումներ եւ դրանք հնարավորություն կտան մեզ որոշել դարպասապահին, որը կխաղա Մալթայի հավաքականի դեմ:
Ո՞ր հավաքականն եք համարում խմբի ֆավորիտ:
Անկասկած մեծ հեղինակություն ու անուն ունեն Իտալիայի, Դանիայի եւ Չեխիայի հավաքականները: Սակայն ֆուտբոլում շատ հաճախ անունները խնդիրը չեն լուծում: Յուրաքանչյուր թիմ խաղով պետք է ապացուցի իր առավելությունը: Հայաստանի հավաքականն իհարկե հարգում է իր մրցակիցներին, սակայն զիջել որեւէ մեկին չի պատրաստվում: Կձգտենք ցուցադրել այն խաղը, որը բազմիցս տեսել են մեր երկրպագուները:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեր թիմը սկսելու է Մալթայի հետ խաղով, ապա երկրորդ խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է Բուլղարիայում:
Հասկանալի է, որ խաղացանկը երբեք չի ընտրվում որեւէ մի երկրի ցանկությամբ: Այստեղ միեւնույն ընտրական խմբում հայտնված հավաքականների ներկայացուցիչները ուղղակի ընդհանուր հայտարարի են գալիս` մոտեցնելով խաղացանկն իրենց համար ամենանախընտրելի տարբերակին: Սեփական խաղադաշտում մեր ընտրանին առաջին հանդիպումն անցկացնելու է Իտալիայի հավաքականի հետ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին: Ընդ որում, աշխարհի քառակի չեմպիոնների հետ արտագնա խաղում էլ մերոնք կավարտեն ընտրական մրցաշարը 2013 թվականի հոկտեմբերի 15-ին:
Աշխարհի առաջնության ընտրական խումբն ուղղակի անհամեմատելի է Եվրո-2012-ի ընտրական խմբի հետ: Այստեղ մրցակիցներն անհամեմատ ավելի ուժեղ թիմեր են: Խմբի երեք առաջատար հավաքականները` Իտալիան, Դանիան եւ Չեխիան 2012-ի ամռանը մասնակցելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին ու որոշակի առավելություն կունենան մյուսների նկատմամբ նաեւ խաղային պրակտիկայի տեսանկյունից: Դրա համար շատ են կարեւորվում մեր թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպումները: Կենտրոնանալով ուժեղագույնների վրա` ոչ մի դեպքում չի կարելի հաշվից դուրս թողնել նաեւ Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականներին:
Աշխարհի առաջնության B խմբի խաղացանկ
07.09.12
Բուլղարիա-Իտալիա
Մալթա - Հայաստան
Դանիա - Չեխիա
11.09.12
Իտալիա-Մալթա
Բուլղարիա-Հայաստան
12.10.12
Հայաստան - Իտալիա
Չեխիա - Մալթա
Բուլղարիա - Դանիա
16.10.12
Իտալիա-Դանիա
Չեխիա-Բուլղարիա
22.03.13
Բուլղարիա-Մալթա
Չեխիա-Դանիա
26.03.13
Մալթա - Իտալիա
Հայաստան - Չեխիա
Դանիա - Բուլղարիա
07.06.13
Հայաստան - Մալթա
Չեխիա - Իտալիա
11.06.13
Դանիա - Հայաստան
06.09.13
Իտալիա - Բուլղարիա
Չեխիա - Հայաստան
Մալթա - Դանիա
10.09.13
Իտալիա - Չեխիա
Հայաստան - Դանիա
Մալթա - Բուլղարիա
11.10.13
Դանիա - Իտալիա
Մալթա - Չեխիա
Հայաստան - Բուլղարիա
15.10.13
Իտալիա - Հայաստան
Բուլղարիա - Չեխիա
Դանիա - Մալթա




























